Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդդիմությանը մեղադրում է թշնամիներին «գայթակղելու» մեջ


Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ընդդիմությանը մեղադրեց երկրի «ոչ բարեկամներին» գայթակցելու մեջ՝ «թույլ եւ անօրինական» ներկայացնելով Հայաստանի իշխանություններին:

Նշելով, որ երկրի անվտանգության ապահովման շրջանակներում մեծ ուշադրություն է հատկացվում նաեւ ժողովրդավարության ամրապնդմանը, կուսակցությունների կայացմանը, նորմալ ընտրությունների անցկացմանը՝ պաշտպանության նախարարը շարունակեց. - «Բայց մենք նաեւ մեծ ուշադրություն ենք դարձնում բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են ամեն ինչը սեւացնել... Շատ էական հանգամանք է սա»:

Սարգսյանը փաստարկեց, թե մեզ «ոչ բարեկամ երկրներում» լավատեղյակ չեն այդ կուսակցությունների կամ մարդկանց հնարավորությունների մասին, եւ նրանց թվում է, թե Հայաստանում մեծ ցնցումներ կլինեն: Ուստի գայթակղությունը այնքան է մեծանում, որ կարծում են թե կարող են զենքի ուժով խնդիրներ լուծել:

«Գայթակղությունը շատ վատ բան է», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Եվ մարդկանց գայթակղության դրդելը առավել վատ բան է»:

«Ինչ վերաբերում է ընտրություններին՝ անշուշտ ամենից լավ ընտրությունները պետք է անցկացնենք: Ինչ վերաբերում է հասարակության կառուցվածքին՝ իհարկե ամենից կատարելագործվածը պետք է ունենանք: Ինչ վերաբերում է դեմոկրատիային՝ իհարկե ամենադեմոկրատը պետք է լինենք, ամենից մարդկային պետք է լինենք», - ասաց Սարգսյանը՝ բացատրելով. - «Որովհետեւ այդպիսի երկրների բանակները վայելում են ժողովրդի սերն ու հարգանքը: Այդպիսի երկրները ունենում են անվտանգության այլ երաշխիքներ, հզոր երաշխիքներ: Եվ այդպիսի երկրները շատ ավելի անվտանգ են լինում»:

Պաշտպանության նախարարը լրագրողների հարցերին պատասխանում էր այսօր Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի կազմակերպած քննարկմանը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային անվտանգության խնդիրներ» թեմայով իր ելույթից հետո, որում հանգամանորեն անդրադարձավ Հայաստան – ՆԱՏՕ, Հայաստան – Ռուսաստան, Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգության համակարգերին:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG