Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարությունը հակադարձում է Ալիեւի հայտարարություններին


«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրբաթ օրը ասել է, թե Ռուսաստանը չափազանց ակտիվ դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում:

Ադրբեջանի նախագահը ուրբաթ օրը այդպես է արձագանքել պաշտոնական այցով ավարտվող շաբաթ Հայաստանում եղած Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Գռիզլովի խոսքերին, թե «Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է կովկասյան տարածաշրջանում». - «Մենք տարակուսում ենք. մենք Հայաստանը միշտ ընկալել ենք որպես պետություն, իսկ այժմ պարզվում է, որ այն ֆորպոստ է»:

«Հիմա ում հետ պիտի բանակցենք՝ ֆորպոստի՞, թե ֆորպոստի տիրոջ», - ասել է Իլհամ Ալիեւը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը «Արմենպրես» գործակալությանը այդ կապակցությամբ ասել է. - «Եթե ադրբեջանական կողմը, եթե հավատանք մամուլի հաղորդագրություններին, այս պահին շփոթված է եւ չգիտի ո՞ւմ հետ վարել այդ բանակցությունները, ապա ստիպված ենք դարձյալ մատնացույց անել դեպի Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղի տեղը, հուսով ենք, նրանք շատ լավ գիտեն»:

Ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունների կապակցությամբ էլ Ադրբեջանի նախագահը ասել է. - «Ես կարծում եմ, որ եթե այս բանակցությունները ընթանան կառուցողական ուղիով եւ հայկական կողմը հետ չկանգնի ավելի վաղ համաձայնեցված դիրքորոշումներից... մենք կարող ենք հասնել որոշակի համաձայնությունների»:

Միջազգային լրատվամիջոցները տարածում են, թե այսօր Ադրբեջանի նախագահը նաեւ հայտնել է, թե իբր այն «հակվում է հակամարտության փուլային լուծմանը, ինչը համապատասխանում է Ադրբեջանի շահերին»: Այդ կապացությամբ Համլետ Գասպարյանը ասել է. - «Հայաստանի դիրքը այս հարցում հստակ է եւ որեւէ փոփոխություն չի կրել: Մենք կրկին հավաստում ենք, որ այսպես կոչված «Պրահայի գործընթացում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններն ընթանում են փաթեթային ուղղությամբ: Եվ մենք պատրաստակամ ենք դրանք շարունակելու, որի մասին հայտարարել ենք քանիցս»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG