Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկը շարունակելու է ստուգումները արտարժույթի փոխանակման կետերում


Ուրբաթ օրը Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Արժութային դիլերների միության ղեկավարի եւ միության անդամների, ինչպես նաեւ փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ տարադրամի փոխանակման կետերում ստուգումները շարունակվելու են:

Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ նշվել է, որ վերջերս արձանագրվել է փոխանակման կետերի ներկայացուցիչների վրա հարձակումների աճ, ինչը վկայում է, որ փոխանակման կետերի կողմից չեն պահպանվում անվտանգության կանոնները:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական բանկը կառավարության հետ համատեղ մշակում է ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված ռազմավարություն, որի արդյունքում «կտրուկ սահմանափակվելու են կանխիկ գործառնությունները», իսկ «մեծածավալ գործառնությունները փոխանակման կետերի կողմից պետք է հստակ արձանագրվեն»:

Եթե նախկինում ԿԲ-ն հիմնական ուշադրությունը դարձնում էր բանկային համակարգի վերահսկողությանը, ապա հիմա «ավելի մեծ ջանքեր է ուղղելու փոխանակման կետերի գործունեության կարգավորմանը»:

Կենտրոնական բանկը անցած երեքշաբթի Երեւանի 29 տարադրամի փոխանակման կետերի նկատմամբ «պատասխանատվության միջոցներ էր նշանակել»՝ ուժը կորցրած ճանաչելով դրանցից 22-ի լիցենզիաները: Տարադրամի փոխանակման 5 կետերի լիցենզիաների գործողությունը կասեցվել էր 6 ամսով:

ԿԲ նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ մշակվում են փոխանակման կետերի եւ արժութային դիլերների գործունեությունը կանոնակարգող նոր ենթաօրենսդրական ակտեր՝ առաջարկելով, որ Արժութային դիլերների միության ներկայացուցիչները նույնպես մասնակցեն այդ աշխատանքին:

«Մենք մտադրություն չունենք այս ոլորտում «ջարդ» կազմակերպելու, այլ ցանկանում ենք, որ մեր քաղաքացիներին մատուցվեն քաղաքակիրթ մակարդակի ծառայություններ», - ասել է Կենտրոնական բանկի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG