Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Եվրախորհրդարանի որոշումը


Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությամբ Հայաստանը ողջունել է Եվրախորհրդարանի դեկտեմբերի 15-ի որոշումը, որով վերջինս կոչ է արել Եվրահանձնաժողովին եւ Եվրամիության խորհրդին թուրքական իշխանություններից պահանջել Հայոց ցեղասպանության պատմական իրողության ճանաչումը եւ անհապաղ բացել Հայաստանի հետ սահմանը:

Հիշեցնելով, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցութունը Եվրամիությանը կարող է շահավետ լինել Հայաստանի համար եւ դրական ազդեցություն գործել տարածաշրջանի վրա, արտգործնախարարությունը նշում է. - «Հայաստանը Եվրամիության երկրների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը միակողմանիորեն փակ պահելու հանգամանքի, «ցեղասպանություն» տերմինի քրեականացման, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար անընդունելի նախապայմաններ դնելու վրա»:

«Եվրախորհրդարանի որոշումը փաստորեն ցույց է տալիս, որ եվրոպական հանրությունը լիովին ըմբռնում եւ կիսում է Հայաստանի մտահոգությունը` կապված հայ-թուրքական հարաբերությունների ներկա անընդունելի վիճակի հետ», - ասվում է հայտարարությունում: - «Ուստի մենք կցանկանայինք, որ ԵՄ գագաթաժողովում ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ հաշվի առնվեր Եվրախորհրդարանի կոչը»:

«Մենք համոզված ենք, որ եթե Թուրքիան անսա եվրոպական հանրության կոչերին, ապա շատ ավելի հեշտ կլինի հաղթահարել բոլոր խոչընդոտները եւ մեր տարածաշրջանի համար ապահովել տեւական կայունություն ու զարգացում», - հույս է հայտնվում արտգործանախարարության հայտարարությունում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG