Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ» թերթի՝ «Ինչո՞ւ անվտանգության մարմինները չկանխեցին «Հոկտեմբերի 27»-ը» հարցին ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Գորիկ Հակոբյանը պատասխանել է. - «Անվտանգության եւ մյուս օրինապահ մարմինները չէին կարող կանխել հիմնականում արյունակցական կապի հիման վրա ստեղծված խմբի գործունեությունն այն պարզ պատճառով, որ չէր ստացվել օպերատիվ տեղեկատվություն կատարվելիք ահաբեկչական ակտի մասին: Որոշ «մասնագետներ» փորձում են գնահատականներ տալ մեր գործողություններին, քննադատություններ են հնչում բոլոր կողմերից: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ սերունդների առջեւ մեր խիղճը մաքուր է»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում «Հանրապետութուն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հաստատել է, որ ընդդիմադիր դաշտում բանակցություններ են ընթանում նոր դաշինք ձեւավորելու շուրջ: Ի տարբերություն ՀԺԿ ներկայացուցիչների, նա պնդել է, որ այդ բանակցություններին մասնակցում է նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Լրագրողի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Սարգսյանը որոշել է չթաքցնել այդ փաստը, վերջինս պատասխանել է. - «Ցանկացած նորի մասին խոսակցությունները ժողովրդի մեջ լավ են ընկալվում, հույս են ծնում, իսկ այն դեպքերում, երբ որեւէ ընդդիմադիր գործիչ ասում է` չէ-չէ, նման բան չկա, ժողովուրդը նեղանում է, ասում է` դե որ չկա, գնացեք՝ նստեք տանը»: Թերթի մատուցմամբ, Արամ Սարգսյանը ասել է, թե «Արդարություն» դաշինքը արդեն տվել է իր պտուղը՝ ի դեմս խորհրդարանական խմբակցության: Նա նաեւ չի բացառել, որ նոր դաշինքի լիդերը կարող է ինքը լինել: «Հայկական ժամանակ»-ը մեջբերել է նրա խոսքերը. - «Ես դա ավելորդ համեստություն չեմ համարում»:

Նույն թերթը արձագանքում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմանը, որով տարադրամի փոխանակման 22 կետեր զրկվել են լիզեցիայից: «Հասկանալով, որ հայաստանցիներից շատերն են սկսել հասկանալ, թե իրականում ինչեր են թաքնված դոլարի փոխարժեքի տատանումների եւ անկման ետեւում՝ ԿԲ-ն սկսել է քավության նոխազներ փնտրել: Եւ՝ գտել է: Ակնհայտ է, որ տեղի ունեցածը ընդամենը PR ակցիա է եւ որեւէ կապ չունի բնակչության շահերի պաշտպանության հետ», - գրում է թերթը: Հիշեցնելով, որ դեռ ամառվանից ահազանգում է, որ դոլարի կուրսի այսօրինակ անկումը ուղղակի ջարդում է արտերկրյա օգնություններով ապրող մարդկանց բյուջեի ողնաշարը, իսկ ԿԲ-ն ոչ մի կերպ չի արձագանքում՝ մեկնաբանը բխեցնում է. - «Այս ամենը ստիպում է մտածել, որ թվով 20-25 չենջերի պատժելու եւ հասարակական կարծիքը մեղմելու որոշումը կայացվել է ՀՀ իշխանության ամենավերին օղակներում»:

Անդրադառնալով Հայաստանի գործարար մթնոլորտին եւ առանձնահատկություններին՝ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը ուրվագծում է. - «Հայրենի բիզնեսը այնպիսի մի վայր է, որը պարզապես ստեղծված է ամենաբազմազան ու սանձարձակ գողության ու թալանի համար։ Այդ ոլորտում չի կարելի չգողանալ, չթալանել ու չխաբել։ Կարող են կասկածել հոգեկան ծանր հիվանդության մեջ։ Ըստ որում, մեզանում եթե արդեն մտել ես բիզնես ու սկսել խժռել ամեն շարժվող բան, ապա կանգ առնել չի կարելի... Հայրենի գործարարը, քաղաքական գործիչն ու պաշտոնյան տարբերվում են մնացած մարդկանցից նրանով, որ ստում ու գողանում են՝ միաժամանակ դժգոհելով ստից ու գողությունից»:

Հոկտեմբերին բռնության ենթարկված «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը «Առավոտի» հարցազրույցում հայտնում է, որ բացարկ է հայտնել նախաքննության մարմնին: «Գործից անհետացել էին առաջին օրը խմբագրությունում կատարված լուսանկարները: Բացի այդ՝ գործին միջամտել էին պետական կառույցները՝ ե՛ւ Սյունիքի դատախազը, ե՛ւ մարզպետը», - ասել է Ալեքսանյանը: - «Ելնելով այս հանգամանքներից՝ անվստահություն եմ հայտնել Սյունիքի մարզի քննչական ամբողջ կառույցին: Գլխավոր դատախազը չի ընդունել իմ միջնորդությունը բացարկի վերաբերյալ, բայց նպատակահարմար է գտել գործի վարույթը փոխանցել Վայոց ձորի մարզի դատախազության քննությանը»: Չհավատալով, թե հանրապետականները կուսակցության շարքերից կհեռացնեն իրեն բռնության ենթարկած «Սյունյած արծիվներ» կազմակերպության հանրապետական ղեկավարին, լրագրողը բնութագրում է. - ««Սյունյաց արծիվներ»-ը գրպանային կառույց է, որը ստեղծվել է ընդամենը տեղական նշանակության այսպիսի խնդիրներ լուծելու՝ անցանկալիների հետ հաշվեհարդար տեսնելու համար»: Սամվել Ալեքսանյանի խոսքերով, այս արծիվների «կտուցն ուղղված է պետբյուջեին եւ իշխանկան կերակրատաշտին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG