Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը «վճռական ու արագ» գործողություններ է պահանջում Կենտրոնական բանկից


Ուրբաթ օրը Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամների հետ աշխատանքային հանդիպմանը նախագահ Քոչարյանը շեշտել է «ճիշտ, ճկուն քաղաքականություն վարելու» անհրաժեշտությունը աշխարհի ֆինանսական շուկաներում ստեղծված իրավիճակի պայմաններում:

«Նշելով, որ Կենտրոնական բանկի գործունեության համար ներկայումս չափազանց կարեւոր ժամանակահատված է, Հանրապետության նախագահն ասել է, որ ամբողջ աշխարհի ֆինանսական շուկաներում գլոբալ տեղաշարժ է կատարվում, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ Հայաստանի տնտեսության վրա», - ասված է նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում:

Ռոբերտ Քոչարյանը խիստ կարեւոր է համարել, որ Կենտրոնական բանկը, կառավարությունը կարողանան իրենց քայլերն ու քաղաքականությունը հարմարեցնել այդ գործընթացներին: «Իսկ եթե ճիշտ, ճկուն քաղաքականություն վարենք, կարող ենք նույնիսկ շահել», - ասել է նա:

«ԿԲ-ն այս քաղաքականության համար ուղղակի պատասխանատվություն կրող կառույցն է եւ ձեզանից շատ բան է կախված», - շեշտել է նախագահը: Ըստ Քոչարյանի, պետք է հաշվի առնել, որ արժութային նման տատանումների դեպքերում նաեւ սպեկուլյատիվ գործունեություն է ծավալվում եւ այդ գործողությունները կանխելու համար ԿԲ-ն պետք է լինի վճռական ու գործի արագ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Կենտրոնական բանկի խորհրդի անդամները երկրի նախագահին ներկայացրել են հայաստանյան ֆինանսական շուկայում ստեղծված ռեալ իրավիճակը եւ այն մեղմելուն ուղղված համալիր միջոցառումները:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG