Մատչելիության հղումներ

Հայկական թատերախմբի ներկայացումից հետո Իրանում պաշտոնյաներ են ձերբակալվել


Իրանական մամուլն այսօր գրել է, որ Իրանում ձերբակալվել են վերջերս Ահվազ քաղաքում անցկացված միջազգային փառատոնի կազմակերպիչները, ովքեր մեղադրվում են, թե թույլ են տվել հայաստանյան թատերախմբին բեմականացնել տղամարդկանց եւ կանանց համատեղ պար, ինչն արգելված է Իրանում գործող օրենքներով։

«Ռոյթեր» գործակալությունը հաղորդել է նաեւ, որ փառատոնի կազմակերպիչ Ալիրեզա Աջանգը եւ նրա երկու գործընկերները ավելի ուշ ազատ են արձակվել՝ 20 հազար դոլար գրավի դիմաց։

Իրանի մշակույթի փոխնախարար Մոհամադ Հաքշենասը, սակայն, կարծիք է հայտնել, որ միջադեպը չափազանցված է եւ «չի կարելի ողջ փառատոնը հարցականի տակ դնել հայկական թատերախմբի ներկայացման 3-րոպեանոց դրվագի պատճառով»։

Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ թատրոնի Երիտասարդական փորձարարական խմբի «Փսիխոզ 4.48» ներկայացման մեջ տղամարդկանց եւ կանանց համատեղ պար չի եղել։

Շահվերդյանը ավելացրեց, որ ներկայացման տեսագրությունը նախօրոք ուղարկված է եղել իրանական փառատոնի կազմակերպիչներին, իսկ բեմադրող ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը արժանացել է փառատոնի լավագույն ռեժիսորի համար սահմանված մրցանակին։

Այդուհանդերձ, Իրանի արմատականների տեսակետերը ներկայացնող «Քեյհան» թերթն այսօրվա իր խմբագրականում կարծիք է հայտնել, որ փառատոնի կազմակերպիչներն անպայման պետք է պատժվեն՝ Իրանում ընդունված էթիկայի կանոնները ոտնահարելու համար։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG