Մատչելիության հղումներ

Պետությունը մշակույթի նկատմամբ «կույր է, համր ու խուլ»


Հայաստանի ստեղծագործական միությունների ներկայացուցիչները հինգշաբթի հայտարարեցին, որ բարձրացնելու են Հայաստանի Սահմանադրության մեջ ազգային մշակույթի պահպանումը երաշխավորող դրույթ ընդգրկելու հարցը:

Մշակույթի գործիչները Հայաստանում, արդեն ավանդաբար, ժամանակ առ ժամանակ հավաքվում եւ սկսում են բողոքել ազգային մշակույթի հանդեպ, պետության, պետական այրերի անտարբերությունից՝ հիմնականում պետական բարձր ատյանների պաշտոնյաների բացակայությամբ:

«Մեր պետությունը մեր հանդեպ կույր է, խուլ ու համր», - այսօր հայտարարեց Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը:

Մյուս բանախոսները եւս հերթական անգամ խոսեցին մեր ազգային մշակույթի անմխիթար վիճակից: Նրանց խոսքերով, մեր պետությունն առավել արժեվորում է բիզնեսի, սպորտի եւ այլ ոլորտները:

«Հիմա բիզնեսն ու սպորտն է, որ շատ հարգի են», - ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը՝ հայտարարելով, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներին չեն հետաքրքրում մշակութային իրադարձությունները: Որպես փաստարկ Անանյանը բերեց Հովհաննես Շիրազի 90-ամյակին նվիրված երեկվա հոբելյանական հանդիսությունը, որին որեւէ պետական պաշտոնյա չէր մասնակցել:

Ստեղծագործական միությունների ղեկավար ներկայացուցիչները այս ամենի պատճառը տեսնում են երկրի Սահմանադրությունից «մշակույթ» հասկացության օտարված լինելու մեջ: Նշվեց, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված Սահմանադրության մի քանի նախագծերից ոչ մեկում խոսք չկա մշակութային գերակայությունների մասին:

Ուստի մշակույթի գործիչները այսօր որոշեցին ձեռնամուխ լինել այդ խնդրի լուծմանը՝ հարցը բարձրացնելով նաեւ 2005-ի փետրվարին կայանալիք Մշակույթի առաջին համագումարում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG