Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգրքի առանցքային հարցի շուրջ ներկոալիցիոն տարաձայնությունը «սկզբունքորեն» հարթված է


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չորեքշաբթի օրը ասաց, որ իր գլխավորած կուսակցությունը «սկզբունքորեն» համաձայն է ընդունել քաղաքական կոալիցիայի գծով գործընկերների՝ Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»-ի տեսակետը Ընտրական օրենսգրքում կատարվելիք առանցքային փոփոխության՝ Ազգային ժողովում համամասնական եւ մեծամասնական տեղերի հարաբերակցության վերաբերյալ:

«Սկզբունքորեն Հանրապետականը համաձայնությունը տվել է [70 տոկոս համամասնական եւ 30 տոկոս մեծամասնական հարաբերակցությանը]: Իհարկե, դեռ [կուսակցության] խորհրդում դա չենք հաստատել, բայց գտնում ենք իրատեսական այդպիսի հարաբերակցությունը», - Ազգային ժողովում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցերին, ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Ապագա Ընտրական օրենսգրքում նման հարաբերակցության վրա պնդում են Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը: ՀՀԿ-ն եւ «Ժողպատգամավոր» խումբը կողմնակից էին 60 – 40 հարաբերակցությանը: Խնդրի շուրջ մի քանի անգամ խորհրդակցություններ էին եղել երկրի նախագահի մոտ, եւ թվում էր, թե կողմերից ոչ մեկը զիջելու մտադրություն չուներ:

Դիտարկմանը, թե «Ժողպատգամավոր» խումբը կտրականապես դեմ է 70-30 հարաբերակցությանը, վարչապետը արձագանքեց. - «Դեռ մինչեւ փետրվար իրենք ժամանակ ունեն մտածելու: Խորհրդակցությունները կոալիցիայի միջեւ էր գնում, այլ ոչ թե «Ժողպատգամավոր»-ի»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG