Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը սկսել է իր բրյուսելյան հանդիպումները


Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, երեկ ուշ երեկոյան ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) արտաքին գործերի նախարարների տարեկան նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել ժամանած Վարդան Օսկանյանը այսօր արդեն հանդիպումներ է ունեցել Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել ԵԱԳԽ անդամ պետությունների դեսպանների եւ եվրոպական քաղաքականությունը մշակող վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների, Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռեհնի, «Եվրամիության - Հայաստան» խորհրդարանական համագործակցության կոմիտեի ղեկավարների, ինչպես նաեւ Եվրամիության նոր հարեւանություն քաղաքականության շրջանակներում պատրաստվող զեկույցի Հայաստանի մասին զեկուցող Յարոմիր Կոհլիչեկի հետ:

«Հանդիպումների ընթացքում Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին զուգահեռ նախարար Օսկանյանը խոսեց նաեւ Հարավային Կովկասի, Հայաստան - Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հարցերի մասին», - տեղեկացնում է արտգործնախարարությունը:

Վաղը նախատեսվում է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG