Մատչելիության հղումներ

Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացումները արժանացել են միջազգային մրցանակների


Գերմանիայի Քիլլ քաղաքում վերջերս կայացած միջազգային թատերական փառատոնում երրորդ մրցանակի է արժանացել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի «Թափորը» մոնոներկայացումը: Իսկ նույն թատրոնի Երիտասարդական փորձարարական ստուդիայի «Պսիխոզ 4.48» ներկայացումը մրցանակներ է ստացել Ռուսաստանում եւ Իրանում:

Նելլի Շահնազարյանի «Թափորը» պատմվածքի հիման վրա ստեղծված ներկայացումը՝ Գրետա Մեջլումյանի կատարմամբ, բեմադրել է մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը:

«16 երկիր ներկայացրել էին 21 ներկայացում», - Սունդուկյանի անվան թատրոնում այսօր հրավիրված ասուլիսում Քիլլի փառատոնի մասին պատմեց Նելլի Շահնազարյանը: - «Այսինքն երրորդ տեղը նվաճվել է 21 ներկայացումից»:

Նրա փոխանցմամբ, ներկայացված են եղել աշխարհահռչակ հեղինակների՝ Իբսենի, Գյոթեի, Նիցշեի, Չեխովի, Բրուդսկու ստեղծագործությունները:

«Այստեղ երրորդ մրցանակը, իմ կարծիքով, պատվավոր մրցանակ է», - ասաց Շահնազարյանը:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի Երիտասարդական փորձարարական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը, ում բեմադրած «Պսիխող 4.48» ներկայացումը՝ Սառա Քեյնի ստեղծագործությունների մոտիվներով, մրցանակների է արժանացել վերջերս Նովոսիբիրսկում եւ Իրանի Ահվազ քաղաքում կայացած միջազգային թատերական փառատոններում:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG