Մատչելիության հղումներ

«Հայկական ժամանակ» թերթի խմբագրի ավտոմեքենան, այնուամենայնիվ, հրկիզվել էր


Ուրբաթ օրը Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն՝ տեղեկացնելով, որ «Հայկական ժամանակ» թերթին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործը, որի նախաքննությունը իրականացնում է մայրաքաղաքի ոստիկանության քննչական բաժինը, հարուցվել է «ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրորդ կետերի հատկանիշներով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում հրկիզման միջոցով, որը խոշոր չափերի վնաս է պատճառել)», - ասված է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Թերթի խմբագրությանը պատկանող «Նիվա»-ն, որը մշտապես վարում էր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, այրվել էր նոյեմբերի 22-ի երեկոյան խմբագրության առջեւ:

Իրավապահները, մասնավորապես Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանությունը մինչ այժմ հրաժարվում էին քրեական գործ հարուցել՝ պնդելով, թե ավտոմեքենան «ինքնահրկիզվել էր» անսարքության պատճառով:

«Ն. Փաշինյանի ավտոմեքենան հրկիզվել է» վերնագրով հաղորդագրությունում, Գլխավոր դատախազության հասարակական կապերի եւ լրատվության բաժինը այսօր փոխանցում է. - «Նշանակված դատահրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացությամբ` ավտոմեքենայի հրդեհման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը՝ ինչը հիմք է հանդիսանում քրեական գործ հարուցելու համար»:

Նիկոլ Փաշինյանը միջադեպից անմիջապես հետո՝ փոխանցելով, որ հակված է կարծելու, թե մեքենան պայթեցվել է, ասել էր. - «Ես առաջարկում եմ իրավապահներին, որ քննության առնեն «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պայթյունը կազմակերպված լինելու վարկածը»:

Ծառուկյանը միջադեպից մեկ օր անց կտրականապես հերքել էր, թե որեւէ կապ ունի կատարվածի հետ:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG