Մատչելիության հղումներ

«Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա»


Հայաստանի պաշտպանության նախարար, անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա»:

«Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ գործընկերության նախատեսվող անհատական ծրագրերին, ՀՀ պաշտպանության նախարարը եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա», - ասված է պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրության մեջ:

Գնդապետ Շահսուվարյանը փոխանցում է նաեւ, որ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին. - «Անդրադարձ եղավ նաեւ առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարարի սպասվող այցին Թեհրան»:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում վերջերս արձանագրված լուրջ առաջընթացին:

«Հայաստանի կայունությունը եւ տնտեսական զարգացումը Իրանի համար շատ կարեւոր են»,- ասել է դեսպան Հաղիղյանը: - «Տնտեսական համագործակցության ոլորտում պաշտոնական վերջին հանդիպումների ժամանակ ծնվել են նոր գաղափարներ, որոնք առնչվում են մասնավորապես Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը, Իրանից Հայաստան նավթամթերքների ներկրմանը»:

Իրանի դեսպանը նաեւ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում պարսկերեն լեզվի դասընթացներ կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել: Նախարար Սերժ Սարգսյանը ողջունել է առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG