Մատչելիության հղումներ

Ստեղծվեց հայ-վրացական գործարար համագործակցության ընկերակցություն


Հինգշաբթի օրը Երեւանում տեղի ունեցավ Հայ-վրացական գործարար համագործակցության ընկերակցության հիմնադիր ժողովը: Ակնկալվում է, որ նորաստեղծ կառույցը շոշափելիորեն խթանելու է երկու երկրների տնտեսական զարգացումը եւ փոխշահավետ համագործակցությունը:

Ընկերակցության ստեղծումը ուղերձներով ողջունել են Հայաստանի ու Վրաստանի նախագահները: Հիմնադիր ժողովում հրապարակված՝ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում նշվում է, որ գործարարարության զարգացումը կարող է «ամբողջ Հարավային Կովկասում դառնալ խաղաղության եւ կայունության հաստատման գործոն»: Միխեիլ Սահակաշվիլին իր ուղերձում ընդգծել է, որ երկու երկրների տնտեսական ծաղկումը շատ բանով է կախված ստեղծվող կառույցի ներկայացուցիչներից, իսկ «բարեկամությունն այն ուժն է, որը կարող է հաղթահարել բոլոր խոչընդոտները»:

Ընկերակցության պատվավոր համանախագահներ ընտրվեցին երկու երկրների վարչապետերը: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ելույթում ասաց, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո համագործակցության նոր խթաններ են առաջացել:

«Մեր երկու պետությունների համագործակցության նոր եւ լայն հնարավորություններ են բացվում «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում», - ավելացրեց Մարգարյանը:

Ընկերակցության համանախագահներ ընտրվեցին Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ Վլադիմիր Բադալյանը եւ Բեսո Ջուղելին: Վլադիմիր Բադալյանն իր խոսքում նույնպես նշեց, որ այս նախաձեռնությունը երբեւէ տեղի չէր ունենա, եթե Վրաստանում իշխանափոխություն չլիներ:

Բեսո Ջուղելին հայտարարեց, թե այս նախաձեռնության «երկրորդ փուլը վրաց-ադրբեջանական ընկերակցության ստեղծումն է, իսկ ավարտական փուլը՝ հայ-վրաց-ադրբեջանական գործարար համագործակցության ընկերակցության ստեղծումը:

«Անդրկովկասյան եռանկյունի. դա մեր մեծ երազանքն է», - ասաց Ջուղելին՝ ավելացնելով, թե գործարարները պիտի քաղաքականությունից առաջ անցնեն:

Ընկերակցության պատվավոր անդամներ ճանաչվեցին երկու երկրների առաջին տիկնայք՝ Բելլա Քոչարյանը եւ Սանդրա Ռուլոֆսը: Տիկին Ռուլոֆսը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե նախաձեռնությունը «շատ լավն է»:

«Մենք հարեւան երկրներն ենք, շատ ընդհանրություններ ունենք», - ասաց նա: - «Վրաստանը Հայաստանի համար նաեւ տարանցիկ տարածք է, եւ Վրաստանի օրենքների լավ իմացությունը, լավ գործընկերներ ունենալը միայն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Եվ իհարկե՝ նաեւ Վրաստանի՝ որպես տրանզիտ երկրի»:

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում խոսելով Ջավախքի մասին, ասաց. - «Որպեսզի Սամցխե Ջավախեթիի հարցը քաղաքական չդառնա, անհրաժեշտ է Վրաստանի բոլոր ոլորտներին ինտեգրել թե’ շրջանը, թե’ ջավախահայությանը»:

«Այսօր Վրաստանի ամենաբարձր, կենտրոնական իշխանությունը հենց այդ ծրագիրն է փորձում իրականացնել», - շարունակեց Ռուստամյանը: - «Եվ մենք, տարբերություն նպատակների մեջ չտեսնելով, պետք է իրար օգնենք, որ այդ խնդիրը ավելի արագ լուծվի»:

Ռուստամյանի կարծիքով, կարելի է վերանայել, օրինակ, մաքսային հարաբերությունները: «Կարելի է բաց գոտի ստեղծել, եւ, կարծում եմ, որ երկուստեք դա շահավետ է եւ ներդաշնակ է այն գաղափարախոսությանը, որի մեջ այսօր երկու երկրները գտնվում են: Երկու երկրներն էլ հայտարարարել են, որ իրենք առաջնահերթություն ունեն՝ եվրոպական ինտեգրացիան»:

Վլադիմիր Բադալյանը, ով վերջերս եղել է Փոթիում եւ ծանոթացել է իրավիճակին, անդրադառնալով Վրաստանով Հայաստան բեռնափոխադրումներին, ասաց. - «Այսօր Վրաստանը պատրաստ է հայկական կողմին ծովափնյա տարածքներում նավամատույցի կառուցման տեղ հատկացնել, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի մեծածավալ բեռնափոխադրումների համար»:

Փոթիի քաղաքապետ Վախթանգ Ալանիան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Փոթիի նավահանգստի սեփականաշնորհման հարց այս պահին դրված չէ: «Հարցի էությունը վաճառել-գնելը չէ. արդյունավետ աշխատեցնելն է՝ որ բեռնումը, տեղ հասցնելը լինի արագ, առանց կորուստների, ոչ թանկ»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարում՝ Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուֆոլսը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG