Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանը չի բացառում բանակցությունները «գրավյալ տարածքների» շուրջ


Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հայտարարելով, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի համար «անբարենպաստ զարգացումներ չկան», չի բացառում «գրավյալ տարածքների» շուրջ բանակցելու հնարավորությունը:

«Պետք չէ... ահաբեկել ժողովրդին նոր պատերազմների եւ նոր գործառույթների [հնարավորությամբ]», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով. - «Արյունով ազատագրված հողը մեր ժողովրդի համար սրբություն է»:

«Բնականաբար, մենք Ղարաբաղից որեւէ թիզ հող, կարծում եմ, որ պիտի չտանք», - շարունակեց նա՝ «գրավյալ տարածքների» կապակցությամբ էլ ավելացնելով. - «Բանակցելու խնդիր է: Նայած դրանից ինչ է շահում: Եթե պետությունը շահում է, բնականաբար, կարելի է նաեւ բանակցել այդ ուղղությամբ»:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Դեւիդ Աթկինսոնի՝ ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում քննարկվելիք զեկույցը Սահակյանը «քաղաքական պատվեր» որակեց: Նրա կարծիքով, մինչեւ հունվար Հայաստանի իշխանությունները պետք է աշխատանքներ տանեն թե’ Հայաստանում, թե’ արտասահմանում, որպեսզի Հայաստանը այս «քաղաքական խաղերի» հետեւանքով չտուժի:

ԵԽԽՎ-ի հունվարյան նիստն առհասարակ բոյկոտելու մասին Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի առաջարկի մասին Գալուստ Սահակյանը ասաց. - «Դա կարծիք է, որ տղամարդկային արժեքներով կարելի է գնահատել, նույնիսկ ինչու չէ՝ ծեծել, բայց մենք կողմնակից ենք ցիվիլ [քաղաքակիրթ] գործընթացների»:

Այնքան էլ պարզ չդարձավ, թե խոսքը ում ծեծելու մասին էր (թերեւս՝ Դեւիդ Աթկինսոնին):

Արձագանքելով Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե ներկոալիցիոն հակասությունների (հատկապես Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների առնչությամբ) խորանալու դեպքում «շատ անհարմար բաներ ջրի երես դուրս կգան», Գալուստ Սահակյանը, ասելով, թե կոալիցիայի ներսում իրավիճակը «այդքան էլ լարված չէ», այդուհանդերձ, ավելացրեց. - «Բոլորս էլ ջրի մեջ ենք. նայած ով ում ջրի երես կարող է հանել»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG