Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Հինգշաբթի, 2-ը դեկտեմբերի)

«Հայկական ժամանակ» թերթի ձեւակերպմամբ՝ դժվար է հիշել, թե «վերջին անգամ երբ է Ռուսաստանը ենթարկվել այնպիսի ստորացման, ինչպիսի ստորացման փաստի առաջ նրան կանգնեցրեց այդ երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը»: «Վերջինս երկու անգամ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնապես շնորհավորեց այդ երկրի նախագահ ընտրվելու կապակցությամբ, իսկ երեկ Ուկրաինայի խորհրդարանը Յանուկովիչին ըստ էության զրկեց վարչապետի պաշտոնից: Հետեւողականորեն տեղավորվելով «Ժողովուրդների հայր»+«Ցար» ամպլուայի մեջ՝ Պուտինը հետեւողականորեն վերականգնում էր Ռուսական կայսրությունը: Այդ կայսրությունը, իհարկե, վերականգնվել է, բայց՝ միայն ռուսական հեռուստաէկրանների վրա», - ուրվագծում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իրականում Վրաստանի, Աջարիայի, Աբխազիայի օրինակները պիտի ցույց տային, որ լոպազությունը ու մուսկուլների ցուցադրումը քաղաքական կատեգորիա չեն, եւ գերտերություն ունենալու համար հարկավոր է նախեւառաջ ունենալ գերգաղափարներ»:

«Հայոց աշխարհ» թերթի տեսաբանն այսօր խտացնում է. - «Կարկառուն հհշականների ելույթներից կարելի է տպավորություն ստանալ, թե վերջին շրջանում միջազգային կառույցները հայկական կողմի համար անբարենպաստ բանաձեւեր ու զեկույցներ են ընդունում այն պատճառով, որ, մասնավորապես, Հայաստանը տանուլ է տալիս երկրի ժողովրդավարացման ասպարեզում... Մինչդեռ այս առումով Հայաստանը անհամեմատ գերազանցում է Ադրբեջանին, որովհետեւ, ի տարբերություն Հայաստանի, հարեւան երկրում արձանագրվել են ոչ թե հերթական ընտրություններում թույլ տրված ինչ-ինչ խախտումներ, այլ պարզապես հաստատվել է ժառանգական միապետություն... Մարդու իրավունքների պաշտպանության հարցում ընդհանրապես համեմատության որեւէ եզր գոյություն չունի», - մատնանշվում է «Հայոց աշխարհ»-ում: Տեսաբանը եզրափակել է. - «Իրականությունն այն է, որ մեր երկիրը կանգնած է ոչ թե «ժողովրդավարացման», «կառուցողականության» կամ «վարչախմբի հեռացման» հրամայականների, այլ վերջիններս միջոցների վերածող ներքին եւ մանավանդ արտաքին ճնշումների փաստի առաջ, որոնց բուն նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխությանը հասնելու գերխնդիրն է»։

«Առավոտ» թերթն այսօրվա խմբագրականում նախանշել է հայաստանյան արձագանքը լուրին, որ եվրոպական մի հանդես «Տարվա եվրոպացի» է հռչակել Թուրքիայի վարչապետին. - «Նման կոչում տալ մի պետության ղեկավարի, որը հրաժարվում է ճանաչել 1915 թվականի Ցեղասպանությունը, երկար տարիներ շրջափակման մեջ է պահում հարեւան անկախ պետությունը՝ պարզապես բարբարոսություն է թե՛ սովորական մարդկային տրամաբանության, թե՛ միջազգային ժողովրդավարական իրավունքի տեսակետից»: «Ամեն դեպքում Թուրքիան զգալի բարեփոխումներ ու ազատություններ է զարգացնում՝ ընդունելի դառնալով Եվրոպայի համար», - հաջողության հիմքն է արժեվորվում «Առավոտ»-ում: - «Ու եթե մենք ճանաչում ենք Եվրամիությունը, ավելին` երազում ենք անդամակցել այդ կառույցին, ուրեմն ավելի լավ է Էրդողանը համարվի՛ եվրոպացի, քան չհամարվի: Եվ նույն այդ տրամաբանությամբ էլ՝ ավելի լավ է Թուրքիան անդամակցի Եվրամիությանը, քան չանդամակցի: Մեզ համար շատ ավելի ձեռնտու է որպես հարեւան ունենալ` թող որ վերապահումներով, սակայն եվրոպական երկիր»:

«168 ժամ» շաբաթաթերթի մեկնաբանի հայացքով, Ռոբերտ Քոչարյանը շտապողականություն է դրսեւորում թե’ արտաքին հարցերում եւ թե’ ներքին խնդիրներին առնչվող լուծումներում: Որոշակի մտորումների են մղում ներքաղաքական վերադասավորումների նորանոր ուրվագծերը: «Այնպիսի տպավորություն է, թե բոլորը մեծ ճակատամարտի են պատրաստվում: Թեեւ, անկեղծ ասած, այս ամենն «ուսումնական տագնապ» է հիշեցնում», - ամփոփված է «168 ժամ»-ում:

Ինչո՞ւ է դոլարի փոխարժեքը այս օրերին Հայաստանում շարունակական անկում ապրում: Տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը «Հայոց աշխարհ»-ի թղթակցի այսօրինակ հարցին պատասխանել է. - «Երեւի ինչ-որ մեկն էլի «Համմեր» է ուզում առնի, կուրս է գցում, որ էժանով շատ դոլար հավաքի»: «Հայոց աշխարհ»-ում, սակայն, վերլուծված է, որ այս անգամ դոլարի արժեզրկման վրա ավելի շատ ազդում են «առարկայական մի շարք գործոններ»: Մատնանշվում են ամերիկյան տարադրամի շուրջ կատարվող համաշխարհային բացասական զարգացումները. - «Մի շարք երկրներ միջազգային գործառույթներում սկսում են նախապատվությունը տալ եվրոյին... Երկարաժամկետ կանխատեսումներն էլ դոլարի համար հուսադրող չեն»: «Հայոց աշխարհ»-ը բերում է իրազեկ անձանց կանխատեսում, թե դեկտեմբերի վերջին 1 ԱՄՆ դոլարը կփոխանակվի արդեն 480, նույնիսկ 470 դրամով, 2005-ի հունվարի սկզբին առավել հավանական է 500-510 դրամ փոխարժեքը: Իսկ ամբողջ տարվա համար նույն աղբյուրները հնարավոր են համարում, որ 1 դոլարը տատանվի 515-525 դրամի միջակայքում: «Ամեն դեպքում», - ի մի է բերում մեկնաբանը, - «դոլար-դրամ «սիրախաղի» ամենից տխուր կողմը մնում է այն, որ սպառողական ապրանքների գները մնում են հիմնականում նույն մակարդակի վրա, եթե չասենք թանկանում են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG