Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը Իրաքում հայ զինվորականներ տեղակայելու հարցը կքննի դեկտեմբերի 8-ին


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունից, Իրաքում հայ զինվորականների տեղակայման հարցը դատարանը կքննի դեկտեմբերի 8-ը:

Երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի բացակայության պատճառով հարցի քննությունը հետաձգվել էր: Սերժ Սարգսյանը մասնակցում էր Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի հերթական նիստին:

Նախագահ Քոչարյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ քննության առնելու Իրաքում խաղաղապահ ուժերի տեղակայման կարգավորման մասին փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Ըստ այդ հուշագրի, Հայաստանը պարտավորվում է 18 այլ պետությունների հետ մեկտեղ Իրաքում լեհական բազմազգ դիվիզիայի շրջանակներում տեղակայել մոտ 50 զինվորականների` բժիշկների, ականազերծողների եւ վարորդների:

Հայ զինվորականների խումբը Իրաքի կենտրոնական շրջաններ դիտորդական/ստուգողական այցով պետք է մեկներ դեռեւս սեպտեմբեր ամսին, սակայն այդ այցը անհայտ պատճառներով չկայացավ:

Իրաք հայ զինվորականներ ուղարկելու հարցը տարաձայնություններ է առաջացրել Հայաստանում: Մտավախություն կա, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ տեղի հայ համայնքի վրա: Վերջինիս ղեկավարները դիմել են նախագահ Քոչարյանին՝ հորդորելով ձեռնպահ մնալ նման քայլից:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG