Մատչելիության հղումներ

Հունգարացի փաստաբանները ձգտելու են, որ հայ սպային կացնահարած ադրբեջանցին դատապարտվի առավելագույն պատժի


Հունգարիայի մայրաքաղաքում անցած շաբաթ սկսված եւ մեկ նիստից հետո մինչեւ եկող տարվա փետրվարը հետաձգված դատավարությունում տուժող կողմի շահերը ներկայացնող հունգարացի փաստաբանները «ամեն ինչ անելու են, որպեսզի հայ սպա Գուրգեն Մարգարյանին անցած փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ դաժանաբար սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվի առավելագույն պատժի:

Բուդապեշտում դատական նիստին մասնակցած փաստաբան Նազելի Վարդանյանը եւ պաշտպանության նախարարության կողմից փաստաբանական խմբում ընդգրկված Հայկ Դեմոյանը երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում, պատմելով դատավարության ընթացքի մասին, ասացին, որ թեեւ Սաֆարովի փաստաբանները փորձում են ապացուցել, թե սպանությունը կանխամտածված չի եղել եւ ադրբեջանցի սպան «զղջում է իր արածի համար», հունգարական դատարանը «լիովին բավարար ապացույցներ ունի, որ սպանությունը նախօրոք ծրագրված է եղել:

Հայ փաստաբանների փոխանցմամբ, դատարանում ցուցադրվել են սպանությունից հետո արված լուսանկարները, որոնք ապացուցում են սպանության առանձնահատուկ դաժանությունը:

Ռամիլ Սաֆարովը նաեւ պնդել է, թե մտադրություն չի ունեցել սպանելու դասընթացների մասնակից երկրորդ հայ սպային՝ Հայկ Մակուչյանին: Ինչպես դատավարությանը, այնպես էլ այսօրվա ասուլիսին ներկա Մակուչյանը հաստատել է, որ Գուրգենին սպանելուց հետո Սաֆարովը կացնով փորձել է ջարդել իր սենյակի դուռը՝ սպառնալով, թե սպանելու է իրեն:

Սաֆարովի պաշտպանները չեն նահանջել նաեւ իրենց այն մարտավարությունից, ըստ որի Սաֆարովը սպանությունը իրականացրել է ծանր ապրումների հետեւանքով, քանի որ ականատես է եղել հայերի կողմից Խոջալույում եւ Ջեբրայիլում դաժան սպանություններին: Նրա ցուցմունքներում, սակայն, հակասություն կա. Սաֆարովը ասել է, թե Բաքու է մեկնել 1991 թվականին, մինչդեռ Ջեբրաիլում եւ Խոջալուում մարտերը ընթացել են 1992-93 թվականներին:

Բժշկական փորձաքննությունը Սաֆարովին հոգեպես եւ ֆիզիկապես առողջ է ճանաչել: «Միայն տրված է, որ, չնայած ինքը մի քանի ակադեմիա եւ ռազմական ուսումնարան է ավարտել, իր մտավոր զարգացումը միջնակարգ դպրոցի մակարդակի է», - փոխանցեց Նազելի Վարդանյանը:

Սաֆարովի փաստաբանները նաեւ փորձել են մատուցել, թե հայ եւ ադրբեջանցի սպաների միջեւ մինչ այդ ընդհարումներ եւ վիճաբանություններ են եղել, սակայն այս փաստը չեն հաստատել ո’չ ողջ մնացած Հայկ Մակուչյանը, ո’չ էլ դասընթացի մյուս մասնակիցները:

Գուրգեն Մարգարյանի շահերի ներկայացուցիչների տպավորությամբ, Սաֆարովի փաստաբանը փորձում է փոխել մեղադրանքի հոդվածը՝ ավելի մեղմ ներկայացնելով կատարվածի դաժանությունը, քանի որ դաժան սպանության դեպքում, ինչում այժմ մեղադրվում է Սաֆարովը նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Իսկ եթե Սաֆարովի փաստաբաններին հաջողվի փոխել հոդվածը, պատիժն ավելի մեղմ կլինի՝ մինչեւ 15 տարվա ազատազրկում:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դատավճռի հրապարակումից հետո Սաֆարովին Ադրբեջանին փոխանցեն, ինչի ուղղությամբ արդեն աշխատում է ադրբեջանական կողմը, Նազելի Վարդանյանը ասաց, որ նման որոշում սեփական հայեցողությամբ կարող է կայացնել միայն Հունգարիայի արդարադատության նախարարությունը:

«Կշարունակենք աշխատանքներ տանել, որպեսզի նրան չհանձնեն [Ադրբեջանին], որովհետեւ մենք բավականին նյութեր ունենք, որ ինքը այնտեղ որեւէ պատիժ չի կրի»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG