Մատչելիության հղումներ

Երեւանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի 2006 թվականին


2006 թվականին պատրաստ կլինի Երեւան քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, որը կդառնա մայրաքաղաքի պատմության մեջ 5-րդը: Երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում մշակվող հատակագծի մասին որոշ մանրամասներ հրապարակեց «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը:

Մշակվող հատակագծով, որը փոխարինելու է 1972 թվականին հաստատված նախագծին, Մուշեղյանի փոխանցմամբ, նախատեսվում է, որ 2020 թվականին մայրաքաղաքը կունենա 1 միլիոն 200 հազար բնակիչ եւ կզբաղեցնի մոտ 22 հազար հեկտար տարածություն:

«Գլխավոր հատակագիծը զարգանալու է հիմնականում գոյություն ունեցող տարածքների վրա», - ասաց նա: - «Արդյունաբերական տարածքների ավելացում չի նախատեսվում. արդյունաբերությունը զարգանալու է եղած տարածքների վրա: Բնակելի տարածքները հիմնականում նորմատիվային սահմաններում լրիվ բավարարում է մինչեւ 2020 թվականը Երեւանի ազգաբնակչությանը բնակֆոնդով ապահովելու համար»:

Գործող նախագիծը կազմվել էր մինչեւ 2000 թվականը, ու այն հաշվարկով էր, որ Երեւանի բնակչությունը չի գերազանցի 1 միլիոն 100 հազարը: 80-ականներին այդ թիվը գերազանցվեց, հասնելով՝ 1 միլիոն 250 հազարի: Վերջին տարիների արտագաղթի հետեւանքով մայրաքաղաքի բնակչությունը նվազեց՝ ըստ վերջին մարդահամարի տվյալների կազմելով շուրջ 1 միլիոն 100 հազար:

«Երեւաննախագիծ»-ի տնօրենը կանխատեսում է, որ 2020 թվականին մայրաքաղաքի բնակչությունը չի գերազանցի 1 միլիոն 200 հազարը, քանի որ նոր գլխավոր հատակագծի հեղինակները հույս ունեն, որ մարդիկ ոչ թե նախկինի պես մարզերից կձգտեն մայրաքաղաք, այլ ընդհակառակը՝ մայրաքաղաքից մարզեր:

«Պարզապես պետք է պայմաններ ստեղծել. խթանել մարզերում ներդրումները, հարկային ու տնտեսական ճիշտ քաղաքականություն վարել», - լավատեսորեն ասաց Գուրգեն Մուշեղյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով մշակվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման նախագիծ:

Նոր գլխավոր նախագծի հեղինակները խոստանում են զգալիորեն ավելացնել կանաչ տարածքները, որոնք այսօր նորմայից քիչ են: Գուրգեն Մուշեղյանը վստահեցրեց, որ մայրաքաղաքի կանաչ տարածքի մակերեսը կավելանա 3000 հեկտարով:

Հարցին, թե նոր կառուցվող Հյուսիսային ճառագայթի տարածքում վերջին տարիներին կառուցված սրճարանները եւ առանձնատները ազդեցություն ունենալու՞ են գլխավոր հատակագծի վրա, Մուշեղյանը պատասխանեց, թե գլխավոր հատակագիծը կոչված է լուծելու ավելի «գլոբալ խնդիրներ» եւ ոչ թե այս կամ այն շենքի հարցը:

«Գլխավոր հատակագիծը կառուցապատման խնդիրներին չի անդրադառնում», - ասաց նա: - «Ինչ վերաբերում է Հյուսիսային ճառագայթին, ապա դրա ուղղությունը ինչպես եղել է, այդպես էլ պահպանվում է գլխավոր հատակագծով»:

Կառուցապատման խնդիրները, Մուշեղյանի խոսքերով, վերաբերում են հաջորդ փուլին, երբ ավելի մանրամասն կվերլուծվեն յուրաքանչյուր շենքի կամ տարածքի լիարժեք օգտագործման հարցերը:

Անդրադառնալով Դալմայի այգիներին, «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրենը ասաց. - «Եղել է մրգատու այգի, կվերածվի քաղաքային այգու»:

«Դալմայի այգիները բոլոր գլխավոր հատակագծերով նախատեսված է որպես համաքաղաքային կանաչ տարածք՝ ընդհանուր օգտագործման», - շարունակեց նա՝ ասելով, նաեւ, որ անցած տարիներին տարբեր պատճառներով դրանք տրվել էին քաղաքացիներին օգտագործման համար: - «Բայց եթե քաղաքին պետք է այդ տարածքները վերականգնել որպես համաքաղաքային նշանակության այգի, անշուշտ, դրանք կվերածվեն այդպիսինի»:

Նոր հատակագծով նախատեսվում է վերանայել նաեւ մայրաքաղաքի փողոցային ցանցը. պիտի կառուցվեն շրջանցիկ ճանապարհներ՝ բեռնաթափելու համար քաղաքի կենտրոնական փողոցները:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG