Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը շնորհավորել է Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը շնորհավորական հեռագիր է ուղարկել Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինայի նախագահ ընտրվելու առիթով:

Երեւանի քաղաքապետարանի նոր շենքի բացման արարողության ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ռոբերտ Քոչարյանը այդ կապակցությամբ ասաց. - «Ինչ որ արվել է, արվել է Հայաստանի Հանրապետության շահերից: Եվ այստեղ որեւէ ինչ-որ բաներ մի փնտրեք: Ինձ համար որեւէ տարբերություն գոյություն չունի: Ուղղակի նա ենք արել, ինչ որ պետք է անեինք՝ զուտ պրագմատիզմի տեսանկյունից»:

«Մենք ամբողջ նախընտրական ժամանակաշրջանում որեւէ ձեւով մեր մոտեցումները չենք արտահայտել: Որեւէ նախապատվություն մենք չենք ունեցել, եւ անձամբ ես չեմ ունեցել», - նշեց Քոչարյանը:

«Ընտրվեր Յուշչենկոն՝ նույնպես ՑԻԿ-ի [Կենտրոնական ընտրական հանձնաժողովի] հայտարարությունից հետո կշնորհավորեի Յուշչենկոյին: Ընտրվեց Յանուկովիչը՝ շնորհավորեցինք իրեն», - շարունակեց Հայաստանի նախագահը: - «Մեկ բան է մեզ պետք. որ Ուկրաինան լինի կայուն: Մեր լուրջ գործընկերն է, տրանսպորտային փոխադրումների տեսանկյունից եւս շատ կարեւոր երկիր է մեզ համար, եւ ինչքան արագ կրքերը հանգստանան Ուկրաինայում, այնքան ձեռնտու է մեզ»:

Իսկ կրքերը Ուկրաինայում, համենայն դեպս առայժմ, հանգստանալու միտում չունեն: Անցած կիրակի կայացած քվեարկության արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի կողմնակիցները շարունակում են բողոքի գործողությունները՝ շուրջօրյա բազմահազարանոց ցույցեր անցկացնելով երկրի նախագահի նստավայրի, խորհրդարանի շենքերի մոտ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG