Մատչելիության հղումներ

Ծառուկյանը հայտարարում է, թե որեւէ առնչություն չունի լրագրողի ավտոմեքենայի հրկիզման հետ


Հայաստանի խոշոր գործարարներից «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի օրը կտրականապես հերքել է, որ որեւէ առնչություն ունի «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության ավտոմեքենայի հրկիզմանը: Հայաստանյան լրագրողական կազմակերպությունը, մինչդեռ, դատապարտել են «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված բռնության այս նոր դրսեւորումը:

Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համատեղ հայտարարարության մեջ նշվում է, որ միջադեպը հնարավոր է դարձել, քանի որ «լրագրողների դեմ բռնությունների դեպքերի ճնշող մեծամասնությունը մնում է չբացահայտված»: «Մենք պահանջում են լուրջ եւ օբյեկտիվ քննություն ու կոչ են անում վճռական քայլեր ձեռնարկել արդեն համընդհանուր չարիքի վերածվող ահաբեկչությունների ալիքը սանձելու ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ:

«Լրագրողների կյանքը Հայաստանում այլեւս վտանգված է», - ահազանգում է Մամուլի ազգային ակումբի տարածած հայտարարությունը՝ իշխանություններից պահանջելով պատժել կազմակերպիչներին եւ կատարողներին:

Միջադեպի կապակցությամբ «մտահոգություն ու տագնապ է» արտահայտել նաեւ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Լրագրողների հետ հարաբերությունները բռնությամբ պարզելու միտումը անթույլատրելի է եւ ստվեր է գցում Հայաստանի՝ որպես ժողովրդավարության սկզբունքներով առաջնորդվող եւ մարդու հիմնական ազատություններից մեկը՝ խոսքի ազատությունը հարգող երկրի միջազգային հեղինակության վրա», - ասված է Ալավերդյանի տարածած հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրատան առջեւ կայանված եւ խմբագրությանը պատկանող «Նիվա» մեքենան, որը մշտապես վարում է թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, երեկ երեկոյան այրվել էր՝ խմբագրության աշխատակիցների պնդմամբ՝ պայթյունի ձայն արձակելուց հետո:

Նույն օրը ոստիկանության լրատվության վարչությունը հաղորդել է, թե «ըստ փորձագետների նախնական եզրակացության, հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի մարտկոցի լարերի անսարքությունը»՝ փաստորեն հերքելով, թե կատարվածը կարող էր ուղղված լինել Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Ոստիկանության կողմից արտակարգ արագ արձագանքն ու նման եզրակացությունը ենթադրել են տալիս, որ հետաքննությունը տարվելու է հենց այս ուղղությամբ ու չեն հետազոտվելու Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած եւ այլ վարկածները», - ասված է Երեւանի մամուլի ակումբի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի համատեղ հայտարարարության մեջ:

Նիկոլ Փաշինյանը միջադեպից անմիջապես հետո՝ փոխանցելով, որ հակված է կարծելու, թե մեքենան պայթեցվել է, ասել էր. - «Ես առաջարկում եմ իրավապահներին, որ քննության առնեն «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից պայթյունը կազմակերպված լինելու վարկածը»:

Գագիկ Ծառուկյանը այսօր Երեւանի գինու, կոնյակի եւ օղու կոմբինատում, նախագահ Քոչարյանի, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ, հանդիսավոր պայմաններում վերաբացեց իր ղեկավարած կոնցեռնին պատկանող «Արարատ» գործարանը: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, Ծառուկյանը կտրականապես հերքեց, թե որեւէ կապ ունի կատարվածի հետ:

«Մարդիկ իրենց հեղինակությունը բարձրացնելու համար տարբեր բաներ կարող են ասել», - ասաց Ծառուկյանը: - «Ոնց որ, օրինակ, մեր սպորտսմեններից մեկը ասի՝ ուզում եմ բռնցքամարտել Կասիուս Կլեյի կամ Թայսոնի հետ»:

«Թայսոնը ես եմ, «Հայկական ժամանակ»-ի ներկայացուցիչն էլ դուք եք», - լրագրողի հարցին ի պատասխան ճշտեց Գագիկ Ծառուկյանը:


Շաքե Ավոյան

(Լուսանկարում՝ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը «Արարատ» գործարանի բացման արարողության ժամանակ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG