Մատչելիության հղումներ

Բուդապեշտում սկսվել է հայ սպային կացնահարած ադրբեջանցու դատավարությունը


Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է անցած փետրվարին այստեղ ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեր Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին Բուդապեշտից հեռախոսով փոխանցեց Հունգարիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ, հայր Բարսեղ Փիլավջյանը, ակնկալվում է, որ դատավճիռը կհրապարակվի արդեն վաղը:

«Մեր հայկական կողմը մտածում է դատավարությունը տանել այն ուղղությամբ, որպեսզի ցմահ բանտարկություն տան: Այսինքն՝ մտածումներ կան, որ կարող է լինել դա 10-15 տարի, ուղղակի սպանության հոդված լինի եւ վերջ», - ասաց հայր Բարսեղը:

Նրա փոխանցմամբ, այսօր ցուցմունք է տվել երկրորդ հայ սպան, որին Գուգեն Մարգարյանին կացնահարելուց հետո փորձել էր նույնպես սպանել ադրբեջանցին: Վերջինս այսօրվա նիստի ընթացում հարցաքննվել է դատարանում:

«Նա [Սաֆարովը] ազգային, քաղաքական հողի վրա տարավ՝ 92 թվականին Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերի հետ կապված», - պատմեց հայր Բարսեղը: - «Իբր թե ինքը այդտեղի՝ Ղարաբաղի գյուղերից մեկում է ապրել, եւ հիմա Բաքվում են ապրում: Ինքը, իբր, ականատես է եղել եւ ֆիլմեր է դիտել, թե ինչպես են հայերը արդբեջանցիներին սպանել: Հիմնական դրդապատճառը սա է եղել»:

Հարցին, թե խոսե՞լ է արդյոք մեղադրյալը իր ընտանիքի իբր սպանված անդամների մասին, ինչպես հայտարարում էր մինչեւ դատավարությունը Փիլավջյանը պատասխանեց. - «Ոչ: Նման բան չկա: Իր ծնողներից եւ հարազատներից սպանված չի եղել»:

Մեղադրող կողմը, որը ներկայացված է հունգարացի իրավաբաններով, առայժմ ելույթ չի ունեցել:

Հայր Բարսեղի փոխանցմամբ, դատավարությանը մասնակցում են «թուրքական դեսպանության աշխատակիցներ, Վիեննայում Ադրբեջանի հյուպատոսը եւ իրենց իրավաբանները»: Նրա խոսքերով, ըստ Հունգարիայի օրենսդրության, փաստաբանները ինչպես մեղադրող, այնպես էլ պաշտպանվող կողմից հունգարացիներ են:

Հայկական կողմից նույնպես մասնակցում են փաստաբաններ, ինչպես նաեւ Ավստիայում Հայաստանի դեսպան Ջիվան Թաբիբյանը, դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատակիցներ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG