Մատչելիության հղումներ

Դավիթ Շահնազարյան. - «Ամերիկացիներն առաջարկում էին Բաքու-Ջեյհանն անցկացնել Ղարաբաղով եւ Հայաստանով»


«Համաձայնություն» հասարակական կազմակերպության ղեկավար, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը երեքշաբթի օրը հայտարարել է, թե 90-ական թվականներին ամերիկացիների կողմից առաջարկ է եղել Բաքու-Ջեյհան նավթատարն անցկացնել Ղարաբաղով, այնուհետեւ Հայաստանի հարավային մասով, ինչից հետո այն մտնելու էր Նախիջեւան եւ այնտեղից էլ՝ Թուրքիա։

Հայկական կողմը, Դավիթ Շահնազարյանի խոսքերով, առաջարկել էր, որ Նախիջեւան մտնելուց հետո խողովակը կրկին դուրս գա Հայաստանի տարածք եւ միայն դրանից հետո մտնի Թուրքիա, որպեսզի կասպյան նավթը Թուրքիա մտներ ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի տարածքից։ Եվ ամերիկացիները, ըստ Շահնազարյանի, համաձայնել էին այդ տարբերակին։ Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչու չիրագործվեց ամերիկացիների առաջարկը։

1990-ականների առաջին կեսին Շահնազարյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել. եղել է Հայաստանի առաջին նախագահի հատուկ ներկայացուցիչ, ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար:

Շահնազարյանը այսօր ասաց նաեւ, թե 1992 թվականի վերջին մշակվել էր համապարփակ համաձայնագիր Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ։ Նա մանրամասնեց, որ Անկարայում անձամբ մասնակցել է այդ համաձայնագրի մշակմանը։ Շահնազարյանի խոսքերով, այդ հիմնարար համաձայնագիրը չի ստորագրվել 1993 թվականի գարնանը հայկական ուժերի կողմից Քելբաջարի գրավման պատճառով։

Այս հայտարարությունները Դավիթ Շահնազարյանն արել է Հայոց համազգային շարժման գրասենյակում այսօր կազմակերպված սեմինարում, որը նվիրված էր հայ-թուրքական հարաբերություններին։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG