Մատչելիության հղումներ

Կեղծ ահազանգի արդյունքում դպրոցն էվակուացվել է


Ուրբաթ օրը առավոտյան 10.30-ի սահմաններում անանուն հեռախոսազանգ էր ստացվել Երեւանի Չեխովի անվան դպրոցում: Միջին տարիքի մի տղամարդ դպրոցի գործավարուհուն ասել էր, թե ժամը 12-ին պատրաստվում է ահաբեկչական գործողություն: Ավելի ուշ պարզվել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասԽանում:

Ահազանգի հետեւանքով մայրաքաղաքի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում անսովոր խտացում էր՝ շտապ օգնության, ոստիկանության մեքենաներ, քաղաքային պաշտոնյաներ, աշակերտներ ու ծնողներ:

«Ահազանգ է ստացվել ժամը 10-ն անց 30 րոպեին, որ պատրաստվում է ահաբեկչական գործողություն», - դպրոցի մոտ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը՝ ավելացնելով, որ շենքի ներսում ոստիկանության աշխատակիցները կատարում են համապատասխան գործողություններ:

1350 աշակերտ ունեցող, անմիջապես ԱՄՆ-֊ի եւ Սիրիայի դեսպանատների միջեւ գտնվող դպրոցի շենքը հատուկ միջոցառումների իրականացման ընթացքում չէին լքել միայն դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, փոխտնօրենները եւ անանուն հեռախոսազանգը ստացած գործավարուհին:

Ավելի ուշ տարածվեց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության հաղորդագրությունը, ըստ որի՝ կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ «ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողին հայտնաբերելու ուղղությամբ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG