Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 20 միլիոն դոլարի արտոնյալ վարկը


Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը երեկ ուշ երեկոյան հաստատել է Հայաստանին տրվելիք 20 միլիոն դոլարի Աղքատության հաղթահարման աջակցման վարկը, որը բաղկացուցիչն է ՀԲ-ի կողմից Հայաստանին աջակցման քառամյա ծրագրի, որով առաջիկա 4 տարիներին 220 միլիոն դոլարի արտոնյալ վարկավորում է նախատեսվում։

Այդ բոլոր վարկերը տրվելու են Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային զարգացման ընկերակցության պայմաններով, այն է՝ 40 տարվա մարման ժամկետով, 10 տարի արտոնյալ ժամկետով, տարեկան 0,75 տոկոս սպասարկման վճարով։

Հերթական 20 միլիոնի հատկացման պայմանագիրը այսօր ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրեցին Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը եւ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Հետեւած մամուլի ասուլիսում բանկի ներկայացուցիչը հայտարարեց, թե տնօրենների խորհրդի անդամները այս վարկի հատկացման հարցում շատ մեծ աջակցություն են ցուցաբերել Հայաստանին:

«Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի անդամները, մարդիկ, ովքեր ներկայացնում են բանկի խմբի անդամ երկրները, շատ մեծ հարգանքով ու ակնածանքով են վերաբերում Հայաստանի Հանրապետության շատ հզոր տնտեսական ցուցանիշներին», - ասաց Ռոջեր Ռոբինսոնը։

Նախարար Վարդան Խաչատրյանը, իր հերթին, ասաց, որ տրամադրված 20 միլիոն դոլարը մինչեւ դեկտեմբերի սկիզբը կստացվի ու կներառվի 2005 թվականի պետական բյուջեի մեջ։

Իբրեւ Համաշխարհային բանկի հերթական վարկի հավելում, Հոլանդիայի կառավարությունը կաջակցի Հայաստանի պետական բյուջեին՝ 4,3 միլիոն եվրո դրամաշնորհի ձեւով։

Գնահատելով ներկայումս Ազգային ժողովում քննարկվող 2005 թվականի պետական բյուջեի նախագիծը, Ռոջեր Ռոբինսոնը ասաց, որ իրենք բավարարված են այդ փաստաթղթի հատկապես այն մասով, որը վերաբերում է սոցիալական հատվածի, կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության բնագավառներին տրվող հատկացումների աճին։

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը վերաբերում փաստին, որ ուժային կառույցների ղեկավարները դժգոհ են իրենց ոլորտներին հատկացված գումարներից ու հարցադրումներ են անում դրանք ավելացնելու ուղղությամբ, Ռոբինսոնը ասաց, որ պաշտպանական ծախսերը կարեւոր են ցանկացած երկրի համար, առավել եւս Հայաստանի պարագայում: ՀԲ-ի ներկայացուցիչը միանգամայն բնական է համարում, որ ցանկացած նախարար բյուջետային քննարկումների ընթացքում ձգտում է ավելացնել իր ոլորտի հատկացումները։

Մյուս կողմից, Ռոջեր Ռոբինսոնը նկատեց, որ 1990 թվականից ի վեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կրթության ոլորտին հատկացված գումարները 2005 թվականի բյուջեի նախագծում ավելի են, քան պաշտպանությանը հատկացված ծախսերը:

«Սա առաջին անգամն է, որ մենք նման իրավիճակ ունենք: Ես կարծում եմ, որ սա շատ խորհրդանշական է, եւ սա թղթի վրա ցույց է տալիս ձեր կառավարության ցանկությունը իրականացնել իր ընդունած աղքատության հաղթահարման ռազմավարությունը», - ասաց նա։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG