Մատչելիության հղումներ

Քաղաքական առաջնորդների մասին մարդիկ վատ կարծիքի են ամբողջ աշխարհում


Աշխարհի բնակչությունը, ինչպես վկայում են Ժնեւում հինգշաբթի օրը հրապարակված «Գելափ ինթերնեշնլ» սոցիոլոգիական կենտրոնի համաշխարհային հարցման արդյունքները, ընդհանրապես բավական վատ է վերաբերում քաղաքական առաջնորդներին: Յուրաքանչյուր 10 հարցվածներից 6-ը համոզված է, որ քաղաքական գործիչներն անազնիվ են, չափից ավելի մեծ իշխանություն ունեն եւ իրենցից ավելի հզորների ազդեցության տակ են գտնվում։

Հարցախույզին, որը, ի դեպ, չի անցկացվել Հայաստանում, մասնակցել է աշխարհի 60 երկրներում ապրող 50 հազար մարդ: Այդ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 1 միլիարդ 200 միլիոն մարդ։ Հարցումն անցկացվել է «Համաշխարհային տնտեսական ֆորում» դավոսյան կազմակերպության պատվերով, որի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Կլաուս Շվաբը, մեկնաբանելով հարցման արդյունքները, ասել է. - «Սա լուրջ նախազգուշացում է աշխարհի առաջնորդներին՝ երկրագնդի տարբեր ծայրերում բնակվող մարդիկ շատ ավելի մեծ սպասելիքներ եւ պահանջներ ունեն իրենց առաջնորդներից»։

Հարցման արդյունքները վկայում են, որ գործարարների նկատմամբ վերաբերմունքն աշխարհում ավելի բարյացակամ է, քան քաղաքական գործիչների։ Յուրաքանչյուր 10 հարցվածներից 5-ը պատասխանել են, թե գործարարները անազնիվ են, մեծ իշխանություն են կենտրոնացրել իրենց ձեռքում եւ ենթակա են իրենցից ավելի հզորների ազդեցությանը։ Այսինքն այս հարցում աշխարհի բնակչության կարծիքը մոտավորապես կիսվել է։

Հարցախույզի երրորդ հարցին՝ «Արդյո՞ք աշխարհը գնալով ավելի անվտանգ է դառնում», տրված պատասխանները հեռու են մխիթարական լինելուց. աշխարհի բոլոր տարածաշրջաններում մարդիկ համոզված են, որ աշխարհն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG