Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունների նորաստեղծ դաշինքը «ընդունում է կառավարության մարտահրավերը»


Հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ ստեղծել են դաշինք, որը «բոլոր միջոցներով» պայքարելու է «վերջին շրջանում լայն արձագանք գտած երեւույթների՝ «Եհովայի վկաներ» աղանդի գրանցման, IP հեռախոսակապի ծառայության մատուցումը բացառապես «ԱրմենՏել»-ին տրամադրելու եւ այլնի դեմ:

Միավորված հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը հայաստանյան իշխանությունների այս կամ այն որոշումից տուժածներն են՝ Մշակույթի հայկական ֆոնդը (որ զրկվել է զբաղեցրած տարածքից), Գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտը (որի շենքը կառավարության որոշմամբ տրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին), Դալմայի այգիների հողօգտագործողները, ապագա Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչները եւ այլն:

«Կառավարությունը ձեռնոց է նետում իր ժողովրդին: Իսկ եթե կառավարությունը ձեռնոց է նետում մեզ, ապա հրավերքն ընդունված է: Մենք պատրաստ ենք պայքարելու եւ բավականին լուրջ պայքար ենք մղելու այս ամեն ինչի դեմ», - իրենց գործունեության սկիզբն ազդարարեց «Համայնք եւ իրավունք» կազմակերպության ղեկավար Սամվել Մկրտչյանը:

Նորաստեղծ դաշինքը, ինչպես տեղեկացվեց ասուլիսում, նաեւ կոչ է հղել իշխանություններին:

Իսկ պայքարը դաշինքը մղելու է «բոլոր հնարավոր ձեւերով»: Միասնական խաղաղ երթ կազմակերպելու նպատակով դաշինքի ղեկավարությունը արդեն դիմել է մայրաքաղաքի իշխանություններին, թեեւ, ինչպես փոխանցեց Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը, դեռեւս որեւէ պատասխան չեն ստացել:

«Կոչ ենք անում իշխանություններին՝ ավելի շատ լսել ժողովրդի ձայնը, քան դրսի թելադրանքը», - ասաց Ավագյանը՝ պարզաբանելով. - «Դրամաշնորհներով, օտար գաղափարախոսության թելադրանքներով, աղանդները շատացնելով մենք իսկապես վտանգում ենք մեր ազգային ինքնությունը, եւ դրա փայլուն օրինակը «Եհովայի վկաների» գրանցումն է»:

«Եհովայի վկաներ» կազմակերպության գրանցմանն այս շաբաթ ավելի վաղ անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհուրդը: Տարածված հայտարարության մեջ շեշտելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին «ճանաչում է խղճի ազատության իրավունքը՝ իբրեւ քրիստոնեական հիմնական արժեք», Գերագույն Խորհուրդը միաժամանակ անհանդուրժելի է համարում, որ Հայաստանում «գրանցված են կրոնական կազմակերպություններ, որոնց գործունեությունը` հոգեորսության նպատակաուղղվածությամբ, միջոցներով ու կերպերով, ոտնահարումն է խղճի ազատության իրավունքի»։

«Կրոնական իրավիճակը առավել անվերահսկելի է դառնում, երբ գրանցվում են նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք այդ անվան տակ իրականացնում են հատկապես կրոնական գործունեություն», - հայտարարում է Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհուրդը՝ կոչ անելով պատկան մարմիններին «վերանայել նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG