Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Աթկինսոնը ներկայացնում է Դեւիսի պատրաստած զեկույցը. Ադրբեջանում գոհ են նոր զեկուցողից, Հայաստանում փնթփնթում են», - խտացրել է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը: Այս առումով հիշեցվում է, որ դեռեւս սեպտեմբերի 22-ի մամուլի ասուլիսում Վարդան Օսկանյանը մտահոգիչ եւ անընդունելի որակեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Ղարաբաղի հարցով նախկին զեկուցող Դեւիսի զեկույցը»: «Նշանակումից հետո բրիտանացի խորհրդարանականի մասին Հայաստանում փնթփնթում են, փոխանակ նրա հետ շփումների մեջ մտնելու եւ աշխատելու», - դիտողություն է անում մեկնաբանը՝ ամփոփելով. - «Անշուշտ, Աթկինսոնի զեկույցը եւս չի ունենա իրավական ուժ, սակայն կունենա քաղաքական եւ քարոզչական չափազանց կարեւոր նշանակություն: Դրանում կան մի շարք անընդունելի ձեւակերպումներ, օրինակ, «էթնիկ զտումներ», «ադրբեջանական հողերի մի մասը զավթված է, իսկ անջատողականները վերահսկում են Ղարաբաղը» եւ այլն»:

«168 ժամ» շաբաթաթերթում այսօր բերված է պատգամավոր Շավարշ Քոչարյանի հետեւյալ գնահատականը. - «Հավաքական առումով՝ մեր դիվանագիտությունը լուրջ պարտություններ է կրել: Դրա ապացույցը նաեւ այն է, որ մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունները՝ Քոչարյանն ու Օսկանյանը, ուրիշ գիծ էին տանում: Պարտությունները բոլորիս համար ակնհայտ էին, բայց իշխանությունները չէին խոստավանում: Իսկ հիմա, երբ պատին դեմ առան, արդեն ստիպված սկսել են ինչ-որ հայտարարություններ անել, որոնք մերժում են իրենց նախորդ գործողություններն ու քայլերը», - մատնանշում է Շավարշ Քոչարյանը:

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Հայաստանյան լրատվամիջոցներում շարունակաբար արծարծվող վարկածը, թե «գրավյալ տարածքների» խնդիրը ՄԱԿ-ի օրակարգ մտցնելը ադրբեջանական դիվանագիտության հաղթանակն էր եւ հայ դիվանագիտության պարտությունը, իմ կարծիքով, կա՛մ խորամանկություն է, կա՛մ անտեղյակություն՝ ոչ կոմպետենտության դրսեւորում: Այդ տարածքները, իսկապես, գրավված են հայկական կազմավորումների կողմից եւ գրավվել են պատերազմական գործողությունների արդյունքում: Սա իրողություն է: Իսկ ցանկացած նման իրողություն բոլոր դեպքերում, անողոք տրամաբանությամբ, անպայման հայտնվում է ՄԱԿ-ի ուշադրության դաշտում, անկախ նրանից, թե ինչպես է աշխատում այս կամ այն երկրի դիվանագիտությունը»: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, փորձագետը արձանագրում է. - «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, իրականում բանակցային գործընթաց չէ. ընդամենը բանակցությունների իմիտացիա: Կողմերի միջեւ ռեալ բանակցային դաշտ, ըստ էության, գոյություն չունի: Այսպես ասած՝ բանակցելու նյութը բացակայում է։ Ադրբեջանի ղեկավարությունը լսել անգամ չի ուզում այն փոխզիջումների մասին, որ կարող են այս կամ այն չափով ընդունելի լինել հայկական կողմի համար, Հայաստանը եւ Ղարաբաղը իրենց հերթին կտրականապես մերժում են փոխզիջումների այն դաշտը, որոնց պարագայում Ադրբեջանը համաձայն է շարունակել բանակցային գործընթացը: Եթե կողմերին շատ ստիպեն, բանակցությունների իմիտացիան կարող է շարունակվել՝ «չափավորից թույլ» ռեժիմով: Եթե առանձնապես չստիպեն, ապա բանակցային գործընթացը ընդհանրապես կդադարեցվի, քանի որ, ըստ էության, Հայաստանը որեւէ լուրջ պատճառ չունի շարունակելու բանակցությունները»:

«Արդարություն» դաշինքը երեկվա նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված վիճակը եւ հանգել է եզրակացության, որ վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը լիովին տապալվել է: Դաշինքի անդամ՝ Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին միաժամանակ փոխանցել է. - «Մենք կարծում ենք, որ արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցող ձախողումները Հայաստանին դրել են այնպիսի վիճակում, որ ներքաղաքական պայքարի սրացումը երկիրը կհասցնի ավելի վատ վիճակի... Նոր ցնցումները կործանարար կլինեն Հայաստանի համար»: «Այժմ օբյեկտիվ հիմք չկա ներքաղաքական պայքարի կազմակերպման համար», - լրագրողին ասել է «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչը: - «Մենք գիտենք, որ հասարակության ներսում առկա հեղափոխական տրամադրությունները դեռեւս չեն հասունացել, իսկ մենք պետք է ամեն ինչ անենք բնականոն եւ օրինաչափ»:

«Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը «Առավոտ» թերթի այսօրվա հարցազրույցում կրկին պնդում է. - «Իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը զրկում է նրանց մինչեւ 2008 թվականը մնալու որեւէ հնարավորությունից: Այսօրվա հանդարտ իրավիճակը թվացյալ է: Իշխանափոխության հասարակական պահանջն առկա է, նույնիսկ ավելի է ուժեղացել»: «Ի՞նչ ազդակներ կարող են կրկին ոտքի հանել հասարակությանը» հարցին Ստեփան Դեմիրճյանը պատասխանում է. - «Ազդակները կարող են տարբեր լինել»:

«Հայկական ժամանակ» թերթում այսօր շեշտված է. - «Կոնդոլիզա Ռայսի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում՝ վատ նորություն է նրանց համար, ովքեր հույս ունեին, թե Ջորջ Բուշի նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշակիորեն կմեղմանա: Խոսքը վերաբերում է նաեւ Հայաստանի իշխանություններին: ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կլինի ավելի սկզբունքային, ասել է թե՝ ավելի կոշտ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG