Մատչելիության հղումներ

Հայաստանի հատուկ ծառայությունները օգնել են ամերիկացիներին կալանել ենթադրյալ հանցագործի


Անցած շաբաթ առաջին անգամ Հայաստանի իրավապահ մարմինները Միացյալ Նահանգների իշխանություններին են հանձնել այդ երկրի քաղաքացի Շահեն Քեշիշյանին, որը կասկածվում է սպանության մեջ եւ փնտրվում էր ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից։

Չորս տարի առաջ Կալիֆորնիայում՝ Յունիվերսըլ սիթի քաղաքի մոտ 44-ամյա Մայքլ Քրավենը մայրուղով շարժվում էր դեպի Հոլիվուդ, երբ նրա մեքենային էր հավասարվել Շահեն Քեշիշյանի մեքենան: Վերջինիս ուղեւորն սկսել է ձվեր նետել Քրավենի մեքենայի վրա։ Երբ Քրավենը կանգնեցրել էր մեքենան՝ պարզելու, թե ինչ է կատարվում, Քեշիշյանը մեքենայով վրաերթի էր ենթարկել նրան։

Չորս տարի շարունակ ԱՄՆ-ի իրավապահպան մարմինները փնտրում էին Քեշիշյանին. նրա ազգանունն ընդգրկված էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ամենափնտրվող անձանց ցուցակում։

Անցած ամիս հաջողվել է պարզել, որ Քեշիշյանը Հայաստանում է։ Ամերիկացիները դիմել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը, եւ անցած շաբաթ Քեշիշյանը ձերբակալվել է Երեւանում՝ հայաստանյան վիզայի ժամկետը լրանալու առիթով։

Խուզարկու Մարտին Փինները, ով ձեռնաշղթայակապ Քեշիշյանին ինքնաթիռով հասցրել է Երեւանից Կալիֆորնիա, Գլենդեյլում լույս տեսնող «Դեյլի նյուս» թերթին ասել է. - «Այս ձերբակալությունը երկու երկրների իրավապահների արդյունավետ համագործակցության արդյունք էր»։

Այժմ Լոս Անջելեսի եւ Գլենդեյլի ոստիկանությունը որոնում է Քեշիշյանի մեքենայի ուղեւորին, որը ձվեր էր նետել Քրավենի մեքենայի վրա։

32-ամյա Շահեն Քեշիշյանը, ով Ամերիկայում աշխատել է որպես բեռնատարի վարորդ, հաջորդ շաբաթ կանգնելու է դատարանի առջեւ։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG