Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Մեծ լավատեսություն հիմա չունեմ»


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի մասին, նշեց, թե այնքան էլ լավատես չէ հարցի կարգավորման ներկայիս իրավիճակի առումով:

«Մեծ լավատեսություն հիմա չունեմ», - պաշտոնական այցով Հայաստնում գտնվող Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով էստոնացի լրագրողներից մեկի հարցին, ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով բանակցային գործընթացին ներկայումս խանգարող երկու լուրջ հանգամանք:

Հայաստանի նախագահը առանձնացրեց նախ բանակցային գործընթացից Լեռնային Ղարաբաղի դուրս մնալը. Ադրբեջանը պնդում է, որ բանակցությունները վարվեն Հայաստանի հետ եւ, ըստ էության, բանակցություններում Հայաստանը ներկայացնում է նաեւ Ղարաբաղը:

«Ես կարծում եմ, որ սա այնքան էլ ճիշտ ֆորմատ չէ եւ չի արտացոլում հակամարտության էությունը», - շեշտեց Քոչարյանը:

Բանակցային գործընթացին խանգարող երկրորդ հանգամանքը Ադրբեջանի կողմից տարածաշրջանային համագործակցությունը մերժելն է. ադրբեջանական կողմը համագործակցությունը տեսնում է միայն հակամարտության կարգավորումից հետո: Հայաստանի դիրքորոշումը, մինչդեռ, բազմիցս հնչեցվել է՝ համագործակցության միջոցով ստեղծել որոշում ընդունելու եւ իրականացնելու համար ավելի բարենպաստ մթնոլորտ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը ասաց, թե խմբից գոհ կամ դժգոհ լինելը հարցի «կոռեկտ ձեւակերպում չէ»: Քանի որ միջնորդների խնդիրը հակամարտության կարգավորմանն օժանդակելն է: Խոսքը, ըստ Հայաստանի նախագահի, ոչ թե պարտադրելու, այլ միջնորդական մեթոդաբանության մասին է:

Հայաստանի նախագահի ձեւակերպմամբ, միջազգային միջնորդներն անում են հնարավորը, որպեսզի կողմերը քննարկեն խնդիրը՝ փորձելով գտնել փոխընդունելի որոշում: Պետք չէ ակնկալել, որ Մինսկի խումբը կընդունի որոշում, որը կպարտադրի կողմերին:

«Այդպիսի մանդատ նրանք չունեն», - ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախագահի կարծիքով, Մինսկի խումբը ամենահարմար ֆորմատն է. ներգրավված են տարածաշրջանում ազդեցություն, հետաքրքրություններ ունեցող Ռուսաստանը, Միացյալ Նահագները եւ Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG