Մատչելիության հղումներ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Էստոնիայի նախագահը


Երկուշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Էստոնիայի նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ՝ քննարկելով երկու երկրների համագործակցության հեռանկարները:

ՀՀ նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ Առնոլդ Ռյույտելը առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-էստոնական հարաբերությունների տարբեր բնագավառներին, համագործակցության ներկա վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, երկու երկրների նախագահները տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ:

«Առնոլդ Ռյույտելի խոսքով, Էստոնիան ողջունել է Եվրամիության «Նոր հարեւաններ» ծրագրում Հարավային Կովկասի երկրների ներգրավումը եւ իր արտաքին քաղաքականության մեջ ավելի մեծ տեղ է հատկացնում հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը», - տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Այնուհետեւ երկու նախագահների մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-էստոնական բանակցություններ՝ ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները:

Նախկին խորհրդային հանրապետություն Էստոնիայի եւ նախկին խորհրդային հանրապետություն Հայաստանի միջեւ անկախացումից հետո տարբերությունը շատ մեծ է: Էստոնիան արդեն Եվրամիության անդամ է, իսկ Հայաստանն առայժմ Եվրոպայի «նոր հարեւան»:

Երկու երկրների հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը այն մակարդակը չունեն, որ ինչ-որ հաջողություններ արձանագրվեն: Այսօրվա քննարկումներում խոսքն ավելի շուտ նախկին կապերի վերականգնման մասին է եղել:

Համատեղ ասուլիսում Էստոնիայի նախագահը նշեց, որ Եվրամիության ծրագրերի շրջանակներում երկու պետությունների՝ ավելի սերտ ու արդյունավետ համագործակցության հնարավորությունները մեծանում են:

76-ամյա Առնոլդ Ռյույտելը Էստոնիայի բազմափորձ քաղաքական գործիչներից է: Դեռեւս 1983 թվականին նա եղել է Էստոնիայի Գերագույն խորհրդի նախագահության նախագահը: 1988 թվականից Ռյույտելը անկախ պետության ստեղծման ջատագովներից էր:

Երկու երկրների նախագահները մասնակցեցին նաեւ հայ-էստոնական գործարար համաժողովին, որտեղ ընդգծվեց, որ կառավարությունների գործը համագործակցության համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է:

Առեւտրաշրջանառությունը Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ վերջին չորս տարիներին, Հայկական զարգացման գործակալության տվյալներով, կազմել է ընդամենը 1,5 միլիոն դոլար:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG