Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին ղեկավար Կարլոս Պետրոսյանի պաշտոնանկության առնչությամբ մամուլում շրջանառվող տարաբեւեռ վարկածներին եւ մեկնաբանություններին, «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ձեւակերպել է. - «Չեմ կարծում, թե նախագահը պարտավոր է հաշվետու լինել, մեկնաբանություններ եւ բացատրություններ ներկայացնել այս կամ այն կադրային փոփոխության առնչությամբ... Եթե դրանք օրինականության սահմաններում են, մեկնաբանությունները անտեղի են»: Այսուհանդերձ, պարզաբանումների կարոտը մամուլում ակնհայտ է: Ազգային անվտանգությանն առնչվող դիտարկումներում «Առավոտ»-ի խմբագիրը մասնավորապես առանձնացրել է. - «Անվտանգության ծառայությունը զբաղվում է ոչ թե անվտանգությամբ, այլ կլանային շահերի սպասարկմամբ, արտոնյալ տնտեսական գործունեությամբ, «տանիք կանգնելով» եւ ռեկետով: Ճիշտ այնպես, ինչպես ոստիկանությունը: Մինչեւ 90-ականների կեսերը այդ կառույցը ոստիկանության չափ կոռումպացված չէր: Այնուհետեւ անվտանգությունը սկսեց «փչանալ», ձեռք բերել իրեն ոչ հատուկ ֆունկցիաներ: Այսինքն՝ մի բան է, երբ, ասենք, գաղտնալսումներն ու «կոմպրոմատներ» հավաքելը, որն ինքնին, իհարկե, զազրելի է, ծառայում է ազգային անվտանգությանը (մի կողմ թողնենք, թե ինչպես է դա հասկացվում՝ կախված քաղաքական ռեժիմից), այլ բան է, երբ նույն զազրելի բաներն օգտագործվում են հարստանալու, կաշառք վերցնելու, շանտաժելու տնտեսական մրցակիցներին խեղճացնելու կամ պարզապես անձնական հաշիվներ մաքրելու համար»:

«Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը պաշտոնապես հայտարարում է, որ հայաստանյան քաղաքական էլիտայի գեյերի ցուցակն ինքը հրապարակելու է ավելի շուտ, քան խոստացել էր: «Մենք 100%-անոց ճշտված փաստեր ունենք նախագահի ապարատի, արդարադատության նախարարության եւ Կենտրոնական բանկում աշխատող խիստ բարձրաստիճան գեյերի վերաբերյալ, որոնց անուններն առաջիկայում տալու ենք՝ անկախ այն բանից, թե դրանից հետո որքանով կվտանգվեն երկրին տրվող միջազգային օգնություններն ու վարկերը»,- վստահեցնում է Ավետիսյանը «Հայկական ժամանակ» թերթում: Ըստ նրա, իրենց ձեռքի տակ եղած որոշ տեսանյութեր ստացել են անվտանգության համակարգի որոշ աշխատակիցներից, բայց մամուլում շրջանառվող այն վարկածը, թե այդ տեսանյութերը հնարավոր է մեզ տրամադրած լինի ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը, ինչն էլ պատճառ դարձած լինի նրա պաշտոնանկության, չի համապատասխանում իրականությանը: «Վերջին օրերին բավականին հաճախ են անսպասելիորեն ընդունված որոշումները», - արձանագրում է «Իրավունք» թերթը՝ զարգացնելով. - «Այդ ամենը ցույց է տալիս, որ իշխանության վերին էշելոններում շատերը ինչ-որ տեղ շտապում են՝ հաճախ անտեսելով կամ գուցե նույնիսկ միտումնավոր հրահրելով ինչ-ինչ բացասական հասարակական արձանգանքներ: Բոլորը կարծես սպասում են կարեւոր փոփոխությունների եւ շտապում են մինչ այդ փոփոխությունների մեկնարկման պահը հասնել ինչ-որ բաների, որոնք կապահովագրեն իրենց տարբեր խոցելի վիճակներում»: «Կարելի է ենթադրել, որ կա’մ երկիրը գտնվում է ինչ-որ կարեւոր փոփոխությունների շեմին, կա’մ լրացել են ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների ժամկետներ, եւ եկել է ինչ-որ վերջնական քայլեր կատարելու ժամանակը», - բխեցված է «Իրավունք»-ում:

Սոցիալիստական ուժերի միության քաղաքական քարտուղար Աշոտ Մանուչարյանը «Իրավունք»-ի հարցազրույցում այսօր հայտարարում է. - «Հնարավոր չէ հանդարտ քայլերով գնալ: Այսօրվա իրավիճակը իրոք հեղափոխական փոփոխություն է պահանջում»: Վերջինիս հայացքով՝ հայաստանյան քաղաքական ողջ վերնաշերտը մեծ կասկածների մեջ է. - «Նրանք զգում են, որ էական ու շուտափույթ փոփոխություններ են լինելու: Այսօրվա ինտենսիվությամբ Հայաստանում քաղաքական կյանքը վաղուց արդեն չի եղել»: «Արտաքին եւ ներքին մարտահրավերները այն կարգի են, որ մոտ ապագայում հանգեցնելու են փոփոխության», - սահմանում է Աշոտ Մանուչարյանը:

«Այբ-Ֆե» թերթը խմբագրականում խտացրել է. - «Ներսում որ աջուձախ բոլորին խաբում են, կարծում են՝ «դրսերին» էլ կարելի է մատի վրա խաղացնել: Իրականում անդիրքորոշում պահվածքը, երբ խուսափում ենք աշխարհաքաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ բարձրաձայն կարծիք հայտնել ու ամեն մի խոշոր բեւեռի «թաքուն» հավաստիացնում ենք, թե իր դաշտում ենք, մեզ միանշանակ վնասներ է հասցնում: Մեզ լուրջ չեն ընդունում, մեզ հետ իրական համագործակցությունից խուսափում են բոլորը... Փորձում ենք մի երկրից ունեցած կախումը հավասարակշռել մյուս կողմից ունեցած կապման մեծացմամբ... Բայդ ելքը ազատության աստիճանները մեծացնելն է», - շեշտում է «Այբ-Ֆե»-ն:

«Ռուսաստանը մտահոգում է» խորագրի տակ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր փաստագրում է. - «Ռուսաստանի դիրքերի հետեւողական խարխլման ու թուլացման միտումը վերջերս նոր արագություն է հավաքել»: Դրա ակնբախ դրսեւորումներից են, ըստ թերթի, Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության՝ ձախողման եզրին հայտնվելը, Աբխազիայում նախագահական ընտրություններում բացահայտորեն «Մոսկվայի մարդը» համարվող Խաջիմբայի պարտությունը»: Զարգացումների նման խորապատկերի վրա Հայաստանի համար առաջ է գալիս միանգամայն բնական ու տրամաբանական հարց. արդյոք ճի՞շտ է ընտրված մեր արտաքին քաղաքական ռազամավության առաջնահերթությունը: «Նման կասկածները փարատելու եւ երկկողմ հարաբերությունների մեջ նոր հստակեցումներ մտցնելու խնդիրը ներկայումս կանգնած է ոչ միայն Հայաստանի, այլեւ հենց իր՝ Ռուսաստանի առջեւ», - ընդգծում է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG