Մատչելիության հղումներ

Իրաքահայերը Բաղդադի հայկական եկեղեցու մոտակայքի պայթյունը կապում են Հայաստանի՝ Իրաք զինվորականներ ուղարկելու մտադրության հետ


Անցած երեքշաբթի կեսօրին Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շեմին տեղի ունեցած պայթյունը Իրաքի հայկական համայնքի ներկայացուցիչները կապում են Հայաստանի կառավարության՝ Իրաք զինվորականների խումբ ուղակելու մտադրության հետ:

Բաղդադի հայկական վարժարանի տնօրեն Ծովինար Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախկինում էլ դպրոցի մոտակայքում ռումբեր են պայթել: Սակայն վերջին պայթյունը, ըստ Իշխանյանի, ավելի ուժգին էր եւ պայթյունի պահին երեխաները դպրոցում էին: Վարժարանը, որտեղ սովորում են մոտ 200 աշակերտներ, գործում է հենց եկեղեցու տարածքում:

«Վախը մեծ եղավ, իրարանցում եղավ», - ասաց Ծովինար Իշխանյանը՝ ավելացնելով, որ բարեբախտաբար երեխաներից ոչ ոք չի տուժել: Նրա փոխանցմամբ, եկեղեցում հասցրած վնասներն էլ մեծ չեն:

Տեղի ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը: Ներկայումս դպրոցը չի գործում: Իշխանյանի փոխանցմամբ, դպրոցն առայժմ փակվել է մեկ շաբաթով:

Շովինար Իշխանյանը ասաց, որ վերջին շրջանում Իրաքում հաճախացել են հարձակումները քրիստոնեական եկեղեցիների վրա: Իրաքի հայ համայնքը համոզված է, որ հարձակումը ուղղված էր հենց հայ եկեղեցու դեմ եւ կապված է Իրաք զինվորականների խումբ ուղարկելու՝ Հայաստանի իշխանությունների մտադրության հետ:

Իրաքահայ համայնքը բազմիցս հնչեցրել է իր մտահոգությունը Հայաստանի զինվորականներին Իրաք ուղարկելու ծրագրերի կապակցությամբ: Կրկնելով այդ մտահոգությունը՝ Ծովինար Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հեռախոսով ասաց, որ Հայաստանի զինվորականների հնարավոր ներկայությունը վտանգի կենթարկի իրաքահայերին, ովքեր մտավախություն ունեն, որ այդ պարագայում հարձակումները կարող են կրկնվել եւ ավելի վտանգավոր դառնալ:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG