Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ջորջ Բուշի վերընտրությունը կապահովի ԱՄՆ-ի քաղաքականության շարունակականությունը»


«Վերջին տարիներին Միացյալ Նահանգները Կովկասի հանդեպ եղել է ներգրավված, շահագրգիռ եւ վարել է հավասարակշռված քաղաքականություն, այնպես որ դրա շարունակականությունը դրական կլինի ե’ւ մեր տարածաշրջանի, ե’ւ Հայաստանի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում երեքշաբթի օրը ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին, Վարդան Օսկանյանը փաստեց, որ Բուշի պաշտոնավարության ժամանակ նոր դրական զարգացումներ են տեղի ունեցել հայ-ամերիկյան հարաբերություններում. - «Հայաստանը ռազմական համագործակցություն է հաստատել ԱՄՆ-ի հետ, ներգրավվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում եւ պահպանել է ամերիկյան կառավարական օգնության մակարդակը՝ հակառակ այն հանգամանքի, որ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների կողմից տարբեր երկրներին հատկացվող օգնության չափը տարեցտարի կրճատվում է»։

«Կարծում եմ, որ Ջորջ Բուշի պաշտոնավարության երկրորդ ժամկետի ընթացքում կհաջողվի ոչ միայն պահպանել այսօրվա մակարդակը, այլեւ խորացնել եւ զարգացնել մեր հարաբերությունները», - եզրակացրեց արտգործնախարարը։

Խոսելով Ղարաբաղյան կարգավորման հեռանկարների մասին, Վարդան Օսկանյանը փաստեց, որ իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ Պրահայում կայացած չորս հանդիպումների արդյունքում լուրջ տեղաշարժեր են արձանագրվել բանակցային գործընթացում։

«Մենք արդեն կարող ենք մտնել պրահյան հանդիպումների երկրորդ փուլ եւ խորացնել այն, ինչ ձեռք է բերված առաջին փուլի ընթացքում», - ասաց նա՝ շարունակելով. - «Ադրբեջանը հայտարարում է, թե սպասում է Հայաստանի պատասխանին բանակցությունների երկրորդ փուլն սկսելու համար։ Կարող եմ ձեր ռադիոկայանի միջոցով հայտարարել, որ Հայաստանն արդեն իր դրական պատասխանը տվել է եւ պատրաստ է նույնիսկ հենց վաղն սկսել բանակցությունների երկրորդ փուլը»:

Հայաստանի արտգործնախարարը Ադրբեջանի «դիվանագիտական սխալ» որակեց գրավյալ տարածքների հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու նախաձեռնությունը։

«Ադրբեջանը չպետք է հույս ունենա, որ, մի կողմից, կարող է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, մյուս կողմից՝ ամբողջ փաթեթից վերցված առանձին տարրերի լուծում ակնկալել այլ ատյաններում։ Այդպես չի լինում», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Կա’մ մենք շարունակում ենք բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում՝ փորձելով հասնել խնդրի ամբողջական լուծման, կա’մ Ադրբեջանը հարցը տանում է այլ ատյաններ՝ փորձելով առանձին լուծումներ գտնել, եւ այդ դեպքում Բաքուն պետք է գործ ունենա Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։ Այսօր գնդակը ադրբեջանական կողմում է»։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG