Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 6-ը նոյեմբերի)

Երեկ պաշտոնանկ արված Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կառլոս Պետրոսյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել իր պաշտոնանկության պատճառները: «Սակայն վերջին ամիսներին համառ լուրեր էին պտտվում իր եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միջեւ հակասությունների մասին», - նշում է «Առավոտ»-ը: - «Որպես ԱԱԾ տնօրենի հնարավոր թեկնածուներ հիշատակվում են հարկային ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանի եւ Քաշաթաղի նախկին մարզպետ Ալեքսան Հակոբյանի անունները»: «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Կառլոս Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի առաջարկով է աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Իհարկե, այս որոշումը մեծ հաշվով անսպասելի էր», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ը: Միաժամանակ, այստեղ եւս մատնանշվում է. - «Արդեն երկար ժամանակ ԱԱԾ տնօրենը լուրջ հակասություններ ունի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Բնական է, որ նա պաշտպանության նախարարի հետ բացահայտ կոնֆլիկտի գնալ չէր կարող, բայց չէր խուսափում Սերժ Սարգսյանի «պրոտեժեներին» եւ մասնավորապես Մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանին անհանգստացնելուց»: «Ակնհայտորեն՝ Պետրոսյանի պաշտոնանկությունը կապ ունի հակասությունների այս համակարգի հետ», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ամեն դեպքում, Պետրոսյանի պաշտոնանկությունը առաջին հերթին ձեռնտու է Սերժ Սարգսյանին, եւ նրան ըստ էության ուժային ողջ բլոկի նկատմամբ անվերապահ վերահսկողություն սահմանելու հնարավորություն է տալիս... քանի որ ոստիկանության եւ ԱԱԾ ողջ համակարգը կսկսեն ղեկավարել իր երբեմնի տեղակալները»:

Հայաստանի մարզպետներից մեկը վերջերս «Հայկական ժամանակ»-ի թղթակցին խոստովանել է, որ ինքը ապրում է «Հայլուր»-ից-Հայլուր»: «Նա նկատի ուներ, որ ցանկացած պահի ինքը կարող է «Հայլուրի» պաշտոնական լրահոսից տեղեկանալ իր պաշտոնանկության մասին», - փոխանցում է լրագրողը։ - «Եվ հայաստանյան բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն են ապրում «Հայլուրից» «Հայլուր»։ Իսկ դրա պատճառն էլ այն է, որ Հայաստանում չեն գործում պաշտոն ստանալու կամ պաշտոնից ազատվելու համընդհանուր չափորոշիչներ... Մեր երկրում գործող միակ տրամաբանությունը ոչ թե քաղաքակիրթ աշխարհում գործող նորմերն են, այլ երկրի առաջին դեմքի՝ Ռոբերտ Քոչարյանի կամքն ու ցանկությունը»։ «Հայկական ժամանակ»-ում ուրվագծվում է, թե ինչպես են պաշտոնյաները օր ու գիշեր ամենայն մանրամասնությամբ հետեւում Ռոբերտ Քոչարյանի ցանկացած շարժի կամ արտահայտության թե’ իրենց, թե’ մյուս պաշտոնյաների առնչությամբ, եւ դրանցից զարմանազան հետեւություններ անում:

«Առավոտ» թերթի խմբագիրն էլ այսօր ցավում է խեղճ հայաստանյան օլիգարխների համար՝ մատնանշելով. - «Նրանք ստիպված են կատարել նախագահական նստավայրից եկող ցանկացած հրաման, իսկ դրանք, գուցե երբեմն եւ բարի ցանկություններով են պայմանավորված, բայց ինքնին հակասում են շուկայական տրամաբանությանը: Օրինակ, պե՞տք է արդյոք Բարսեղ Բեգլարյանին «Նաիրիտ»-ը: Իհարկե, ոչ: Որքան էլ հայրենասեր կամ ֆիլանտրոպ լինի այս բիզնեսմենը, գործարանը վակուումի մեջ չի աշխատում... Կամ՝ պե՞տք է արդյոք որեւէ հեռուստաընկերություն որեւէ օլիգարխի: Հարյուր տարի պետք չէ: Բացի նրանից, որ դա ավելորդ եւ, օլիգարխի տեսակետից, անիմաստ ծախս է, նաեւ սարսափելի գլխացավանք է: Օրումեջ քեզ զանգում են նախագահի նստավայրից եւ դժգոհում, թե ինչու Պողոսը եթերում այս ասաց, Պետրոսը այն ասաց, եւ, ընդհանրապես, ինչու էր Կիրակոսը հայտնվել ձեր եթերում»: «Մի խոսքով, փորձանք է, բայց ի՞նչ կարող ես անել, եթե նախագահը ուղարկում է այդ ճակատը», - խտացվում է «Առավոտ»-ում: - «Սա էլ ստեղծում է խեղված տնտեսական հարաբերություններ, որոնք ի վերջո բերելու են մեզ փակուղի»

«Ղ-Տելեկոմի»-ի աճապար հայտնությունը կապի դաշտում «Ազգ»-ի մեկնաբանը ձեւակերպում է՝ «Արմենտել»-ի նվերը Հայաստանի իշխանություններին»: «Նրանց նվազագույն մաքուր շահույթն ամսական 1,5 մլն դոլար կկազմի: Հասկանալի է, որ նման շահութաբերություն ունեցող ոլորտը չի կարող հայտնվել պատահական մարդկանց կամ ընկերությունների ձեռքում», - գրում է մեկնաբանը: - «Շուկայում ձեւավորվելու է նոր, իշխանությունների մասնակցությամբ մենաշնորհ»: «Հայոց աշխարհ» թերթում էլ այսօր ընդգծված է. - «Համապատասխան պաշտոնյաների լռակյաց պահվածքը, ինքնըստինքյան ծագող հարցերին չպատասխանելու գործելակերպը անհասկանալի է, անգամ անհեթեթ։ Քանզի հենց պատասխանատու պետական այրերի լռության սիմֆոնիայի պայմաններում է, որ ծայր են առնում ամենատարբեր շշուկներ եւ ենթադրություններ, որոնց թողած բացասական նստվածքը երբեւէ չի անցնում»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG