Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավորը կառավարության անդամին մեղադրում է կաշառառության մեջ


Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Արշակ Սադոյանը հայտարարեց, թե իր ունեցած հավաստի տեղեկություններով, Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում առայժմ մենաշնորհ վայելող «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր, հունական OTE ընկերությունը Հայաստանի կառավարության ներկայացուցչին, ում անունը Սադոյանը չհրապարակեց, 7 միլիոն դոլարի կաշառք է տվել՝ «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելու գործընթացը հետաձգելու համար:

Դեռեւս տարեսկզբին կառավարության ընդունած որոշմամբ «ԱրմենՏել»-ը զրկվել է բջջային կապի ոլորտում մենաշնորհից, սակայն որոշման կատարումը մի քանի անգամ հետաձգվել է:

Կաշառքի մասին տեղեկությունները, ըստ Սադոյանի, դեռեւս ամիսուկես առաջ իրեն փոխանցել են երկու անանուն անձ, որոնց ինքնությունը պատգամավորը նույնպես չհրապարակեց՝ որպեսզի «չվտանգի նրանց կյանքը»: Սադոյանը հայտարարեց, որ նշված տեղեկատվությունը «ամբողջությամբ ձայնագրվել եւ տեսագրվել է», եւ ինքը պատրաստ է հրապարակել այդ տեղեկությունները իրեն փոխանցած անձանց անունները միայն վերջիններիս «անվտանգության երաշխիքներ ունենալու դեպքում»:

Սադոյանը հայտարարեց, թե OTE-ն բարձրաստիճան հայ պաշտոնյային կաշառել է, որպեսզի վերջինս հետաձգի «ԱրմենՏել»-ին մենաշնորհից զրկելու գործընթացը՝ հնարավորություն տալով OTE-ին վաճառելու «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի մի մասը: Իսկ դրա համար նրանք պատրաստ են 7 միլիոն վճարել, քանի որ այդ դեպքում նոր գնորդը իրավունք կունենա, ըստ «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի համապատասխան հոդվածի, պահանջել, որպեսզի մենաշնորհը պահպանվի եւս հինգ տարի:

Կաշառքը, Սադոյանի ունեցած տեղեկություններով, ոչ թե կանխիկ փողով, այլ ուրիշ ֆիրմաների բաժնետոմսերով է առաջարկվել:

Հակադարձելով լրագրողների փաստարկին, թե հասարակությունը իրավունք ունի իմանալու այդ պաշտոնյայի անունը, Սադոյանը ասաց. - «Ստացվում է՝ այդ հասարակության իրավունքները միայն ե՞ս պետք է պաշտպանեմ՝ նույնիսկ վտանգելով ինչ-որ մարդկանց կյանք: Իսկ այս նույն հարցը չի՞ կարելի տալ հանրապետության նախագահին, հանրապետության վարչապետին, դատախազին եւ ասել՝ իրավունք ունենք, պահանջում ենք...»:

Պատգամավորը նաեւ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված մարմիններին ու քաղաքական կուսակցություններին կոչ արեց բացահայտել կոռուպցիայի այս դրսեւորումը:

«Ձեր աչքի առաջ, բոլորին աչքի առաջ կառավարության ներկայացուցիչը վերցրել է 7 միլիոն դոլար, հայ ժողովրդին զրկել է ինտերնետ ապագայից... Էլ ինչ պայքար կոռուպցիայի դեմ, եթե սրա դեմ չեք պայքարում», - վրդովված ասաց նա:

Արշակ Սադոյանը կոչ արեց ներկաներին հինգշաբթի օրը մասնակցել իր կազմակերպելիք ցույցին կառավարության շենքի դիմաց: Այդ օրը, ամենայն հավանականությամբ, կառավարության անդամները իրենց կարծիքներն են հայտնելու արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ OTE-ի ղեկավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին, ներկայացնել նաեւ Դավիթ Հարությունյանի կարծիքը Սադոյանի հայտարարությունների վերաբերյալ, ասաց, թե Արշակ Սադոյանին մեկնաբանելը «պարզապես անշնորհակալ գործ է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG