Մատչելիության հղումներ

Հարկային պաշտոնյան լիահույս է, որ բյուջեով ծրագրված հարկային մուտքերը կգերակատարվեն


Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին Հարկային պետական ծառայության հավաքած հարկերը գերազանցում են բյուջեով ծրագրված ցուցանիշները ու, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հավաստիացրեց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, մինչեւ տարեվերջ հարկահավաքի ներկա միտումները պահպանվելու դեպքում բյուջեի հարկային մուտքերի պլանը կարող է գերակատարվել։

Ալավերդյանի խոսքերով, հատկապես մեծ տեղաշարժ կա ուղղակի հարկերի, մասնավորապես, շահութահարկի մուտքերի գծով, գործարարները ոչ միայն սկսել են երեւան հանել թաքցրած շահույթները, այլեւ դրանից վճարել պետական բյուջեի հասանելիքը։ Իր հերթին պետությունն էլ, ինչպես օրենքն է պահանջում, սկսել է ավելացնել գործարարներին ետ վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարները:

«Այս տարի ավելի քան երբեւէ ավելացված արժեքի հարկի գումարներ են հետ վերադարձվել արտահանող կազմակերպություններին», - ասաց Ալավերդյանը՝ ավելացնելով, որ ընթացիկ տարեվերջին այդ ցուցանիշը կկրկնապատկվի անցած տարվա համեմատ:

Նրա խոսքեորվ, այս տարվա համար պետությունը պարտավորվել է մինչեւ տարեվերջ արտահանող գործարարներին ետ վերադարձնել շուրջ 10 միլիարդ դրամի ավելացված արժեքի գումար, եւ այս տարվա առաջին 10 ամիսներին այդ գումարի գերակշիռ մասն արդեն վերադարձվել է հասցեատերերին։

Մյուս կողմից, կարելի է ենթադրել, որ այս տարվա ապրիլի 1-ից ուժի մեծ մտած հարկային փոփոխությունը, որը վերաբերում էր շահութահարկի գծով 1 տոկոս կանխավճարի գանձմանը, որոշակիորեն տվել է իր պտուղները։ Հատկապես խոշոր ընկերությունները, որոնք տարիներ շարունակ թաքցնում էին ստացած եկամուտները, եւ հայտնվում հարկերի գծով պարտք ունեցող ընկերությունների պարբերաբար հրապարակվող «սեւ ցուցակներում», այժմ սկսել են խուսափել դրանից, քանի որ դա հարվածում է իրենց բիզնեսի հեղինակությանը, ինչը նաեւ բացասական ազդանշան է փաստացի եւ պոտենցիալ գործընկերների համար։

Հաշվի առնելով հարկահավաքի այս տարվա միտումները, եկող բյուջետային տարվա համար եւս հարկային եկամուտների շոշափելի աճ է պլանավորվել: Նախատեսվում է հարկային եւ մաքսային եկամուտները այս տարվա բյուջեով ծրագրածի համեմատ ավելացնել շուրջ 50 միլիարդ դրամով՝ հասցնելով շուրջ 307 միլիարդ դրամի։

Ալավերդյանը հավաստիացրեց, որ հարկադրույքների փոփոխություն չի նախատեսվում: «Արդեն երրորդ ֆինանսական տարին է, որ շարունակելու ենք հարկային եկամուտները ապահովել երկու հիմնական գործոնների հաշվին, այն է՝ տնտեսկան աճի եւ հարկային վարչարարության կատարելագործման»:

Հարկային օրենքներում, այդուհանդերձ, 2005 թվականին որոշակի փոփոխություններ նախատեսվում են։ Ըստ Արմեն Ալավերդյանի, մինչեւ տարեվերջ նախատեսվում է ընդունել «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունը, որը ընդլայնում է դրանց պարտադիր կիրառության շրջանակը՝ ընդգրկելով տոնավաճառները:

«Չի կարելի, որ 15-17 հազար տնտեսավարող սուբյեկտ ՀԴՄ-ները կիրառեն, բայց բազմաթիվ հարկ վճարողներ, օրենքի բացակայության պայմաններում, այդ մեքենաները չկիրառեն», - փաստարկեց Ալավերդյանը: - «Օրենքը նախատեսում է հավասար դաշտ ստեղծել»:

Հարցին, թե որքանո՞վ կավելանան առեւտրի եւ ծառայությունների ոլորտից գանձվող հարկերը, եթե հսկիչ մեքենաները համատարած ներդրվեն, պարոն Ալավերդյանը հստակ պատասխանեց՝ 50 տոկոսով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG