Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով փաստին, որ քաղաքապետարանը չի արտոնել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված՝ «Արդարություն» դաշինքի երթը Բաղրամյան պողոտայով դեպի խորհրդարանի շենք` «Առավոտ» թերթը խմբագրականում խտացնում է. - «Իշխանությունների՝ ընդդիմության դեմ որդեգրած պայքարը շատ ձանձրալի ու մի տեսակ մանրախնդիր է դարձել: Ակնհայտ է, որ իշխանությունը ոչ ոք չի զավթի, եթե, ասենք, Բաղրամյան պողոտան կես ժամով փակ լինի: Այն դեպքում, երբ ինչ-ինչ տոնախմբություններ կազմակերպելու նպատակով քաղաքի կենտրոնը անընդհատ փակ է: Այդպիսով իշխանությունները ճիշտ հակառակ արդյունքի են հասնում: Չէ՞ որ որքան անհիմն ու ապօրինի որոշումներ են կայացվում ընդդիմության դեմ, այնքան շատ վերջինս իր կարեւորությունը զգալու առավել լուրջ փաստարկներ է ձեռք բերում, ընդ որում՝ նույնքան չհիմնավորված: Ընդդիմությունը նաեւ հնարավորություն է ունենում բողոքել միջազգային ժողովրդավարական ամեն կարգի ատյաններում: Իրականում», - ամփոփում է «Առավոտ»-ը, - «այս «տունտունիկն» այնքան է ձանձրացրել ժողովրդին, որ մեծ մասի համար արդեն միեւնույն է, թե միմյանց հանդեպ ինչ մանր քայլեր են ձեռնարկում իշխանությունն ու ընդդիմությունը, որոնք այդ ամենը, չգիտես ինչու, անվանում են քաղաքական պայքար»:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի մատուցմամբ՝ ընդդիմության քայլերը թեեւ արտաքուստ հիմնավորվում են ահաբեկչության դեմ պայքարի համամարդկային կարգախոսով, սակայն դժվար չէ նկատել, որ դա ընդամենը պատրվակ է` սեփական նպատակները սքողելու համար. - «Իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքին կամ էլ հոկտեմբերի 27-ի սգո արարողություններին չառնչվող արտաքին քաղաքական լուրջ խնդիրների հետ արմատականների կողմից ձեռնարկվող ներկա նախապատրաստությունների ակնհայտ կապը բացահայտողի դերում հանդես է գալիս Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը»: «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը մատնանշում է վերջինիս ակնարկները «Հայկական ժամանակ» թերթում, թե` «Հայաստանի ղեկավարության վրա ճնշում գործադրելով եւ նրանից միակողմանի զիջումներ կորզելով Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացն արագացնելու համար չի բացառվում, որ արտաքին որոշ ուժեր «27-ի հետ կապված ինչ-ինչ նոր փաստեր հրապարակ նետեն», Քոչարյանի պաշտոնանկության համար կրկին շրջանառության մեջ դնեն «Հոկտեմբերի 27»-ի գործոնը»:

«2003-ի նախագահական ընտրություններից ու հատկապես 2004-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածից հետո հասարակության՝ իշխանափոխության ձգտող շերտերի մեջ արմատացել է մի քանի եզրակացություն-համոզմունք», - մատնանշում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Մասնավորապես՝ որ ընդդիմությունն իր ներկա ֆորմատով անկարող է հասնել իշխանափոխության, եւ պետք է տեղի ունենա ֆորմատի փոփոխություն, ավելի լավ է՝ ֆորմատի ընդլայնում: Այն մարտավարությունը, որով ընդդիմությունը փորձում է հասնել հաջողության, դատապարտված է, եւ պետք է գտնել իշխանափոխություն իրականացնելու այլ ուղիներ: Այդքան շահարկվող արտաքին ռեսուրս ունենալու համար ընդդիմությունը պետք է հռչակի իշխանությունների կողմից իրականացվող արտաքին քաղաքականության այլ առաջարկներ: Մինչդեռ հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ՀԺԿ համագումարում «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի ելույթը ցույց տվեց, որ ՀԺԿ-ն ու դաշինքը անտարբեր են հասարակության առաջադրած այս պահանջների նկատմամբ», - գնահատում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: Խորհրդարանի երեկվա աշխատակերպի թարմ հետքերով էլ «Հայկական ժամանակ»-ը արձանագրում է. - «Ակնհայտ է, որ օրենսդիր մարմնի գործունեությունը լրջորեն վտանգված է, եւ դա ունի իր թե’ օբյեկտիվ, թե’ սուբյեկտիվ պատճառները: Խորհրդարանում ստեղծված է իրավիճակ, որը սովորաբար բնորոշ է լինում խորհրդարանի լիազորությունների ավարտի վերջին ամիսներին, երբ նիստ գումարելը դառնում էր գրեթե անհնար գործ»: Այսպիսով, ըստ «Հայկական ժամանակ»-ի, ակնհայտ է, որ «ընդդիմության բոյկոտը, որ շատերի գնահատմամբ դարձել էր ինքնանպատակ, սկսել է աշխատել ընդդիմության օգտին: Իշխանությունն, ի դեմս կոալիցիայի, ընդդիմության պաուզայի պատճառով, մտել է ինքնաքայքայման փուլ»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով՝ ավելի ու ավելի որոշակիանում ու լրջանում է «թագաժառանգների մրցավազքը». - «Իշխանության միջանցքներում ու լրատվական դաշտում ակտիվորեն քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի խնդիրը»: Այս առումով դիտարկում կա, որ փորձ է արվում ժամանակից շուտ Ռոբերտ Քոչարյանի համար ընդունելի բոլոր իրավահաջորդներին «ներքաշել փոխադարձ պայքարի ու փոխադարձ ոչնչացման մեջ, որպեսզի հնարավոր լինի դաշտում չփչացած մարդ չլինելու պատճառաբանությամբ հիմնավորել Ռոբերտ Քոչարյանի նախագահական երրորդ ժամկետի կենսական անհրաժեշտությունը»: «Իրավունք»-ում նաեւ շաղկապված է. - «Այն պայմաններում, երբ հաջողությամբ առաջ է ընթանում իշխանությունների փոխադարձ հոշոտման գործընթացը, իշխանությունների դեմ առանձնապես պայքարի անհրաժեշտություն չունեցող ընդդիմադիրների ճամբարում էլ սկսվել է որոշակի մրցակցություն լիդերության համար»:

Իր 75-ամյակի առիթով խոհերում Ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը «Հայոց աշխարհ» թերթում հուսադրում է. - «Պատմության մեջ ամեն մի հեղափոխությունից հետո միշտ էլ տականքը բարձրանում է վերեւ: Դա ես այդպես ցավոտ չեմ ընդունում, ժամանակն է լուծում այդ հարցը: Վերջապես աշխարհում ինչպե՞ս է, տասը չար մարդուն մի բարի մարդը հերիք է՝ հավասարակշռում է: Եթե նրանք կան, իսկ նրանք կան, ուրեմն ամեն ինչ նորմալ է, կանցնի էս բոլորը, էս թոհուբոհը, էս փողամոլությունը: Արմատը մեր առողջ արմատն է, եւ կողքից հայտնված իբր թե կանաչած շիվերը իրենք իրենց կչորանան», - ասում է Սոս Սարգսյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG