Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջին շրջանում տարբեր կազմակերպությունների անցկացրած սոցհարցումների համաձայն, Հայաստանի քաղաքացիները Վրաստանը ավելի շատ դիտում են որպես թշնամական, թիկունքից հարվածող հարեւան, քան՝ բարեկամ երկիր», - արձանագրում է «Առավոտ» թերթը՝ Հայաստանի նախագահի Վրաստան այցի առիթով նաեւ ուրվագծելով. - «Ռուսաստանը չէր կարող իր «ռազմավարական գործընկեր» Հայաստանին ավելի մեծ վատություն անել, ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը փակելը: Հիմա Հայաստանի նախագահին այլ բան չի մնում, քան ընկնել Սահակաշվիլու ոտքերը ու խնդրել, որ թողնի Վրաստանի տարածքով տեղափոխվեն մեր երկիր մտնող բեռները: Սահակաշվիլին, ի պատասխան այս խնդրանքի, կարող է ասել, որ հարցը սխալ է հասցեագրված, դիմեք ձեր մեծ եղբորը եւ հովանավորին՝ հենց նա է փակել Վրաստանի սահմանը»: «Քանի դեռ այս երկու պետությունները հակամարտության մեջ են, Հայաստանի տնտեսության համար վատ ժամանակներ կլինեն», - ընդգծվում է «Առավոտ»-ում: - «Իսկ ամենատխուրն այն է, որ Հայաստանը որեւէ հակաքայլ անել պարզապես չի կարող: Մեզ մնում է միայն մխիթարվել արտգործնախարարի այն մտքով, թե անգամ շրջափակման պայմաններում Հայաստանը ծաղկում է եւ բարգավաճում»:

«Հայ-վրացական հարաբերություններում ինչպես Հարավային Օսիայի շուրջը ստեղծված կացության, այնպես էլ Ջավախքում ստեղծված իրավիճակի պատճառով առաջ են եկել փոխադարձ անվստահության նորանոր առիթներ: Բայց», - ըստ «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի, - «նման տպավորությունը բխում է ստեղծված կացության խիստ մակերեսային գնահատականից: Իրականում վերջին տարիներին, մանավանդ նախագահ Սահակաշվիլու պաշտոնավարման ընթացքում, հայ-վրացական հարաբերությունների դրական, կառուցողական բովանդակությունը անշեղ ընդլայնման միտումներ է դրսեւորել»: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Թբիլիսի կարող է նոր հեռանկարներ բացել հայ-վրացական հարաբերություններում», - լավատեսորեն բխեցնում է մեկնաբանը: - «Ռուս-վրացական տնտեսական փոխգործակցության ընդհանուր բանաձեւը գտնելու հարցում Հայաստանը կարող է խաղալ շահագրգիռ միջնորդի դեր, նպաստել այդ խնդիրը մեռյալ կետից շարժելու գործին, ինչն իր հերթին կարագացնի նաեւ քաղաքական հիմնահարցերի կարգավորումը»:

«Իրավունք» թերթի մեկնաբանը մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների կտրուկ արագացման միտումներ է տեսնում՝ շրջանակելով. - «Այդ արագացումը դժվար թե ինչ-որ նպաստավոր բան խոստանա Հայաստանին. մանավանդ որ շատ շուտով ավարտվում են ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն ու այդ գերտերության պետական մեքենային այլեւս ոչինչ չի խանգարի հետեւողականորեն զբաղվել մեր տարածաշրջանով: Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումն էլ իր տոնայնությամբ ամենեւին չէր զիջում ռազմավարական միակ դաշնակցի հետ հանդիպումներին, եթե չասենք ավելին: Ըստ էության, Ռուսաստանն այլեւս ամբողջ խաղագումարը չի դնում Հայաստանի վրա եւ գերադասում է անցկացնել, այսպես կոչված, հավասարակշռված հարավկովկասյան քաղաքականություն, ուր էապես հաշվի են առնվում Ադրբեջանի շահերը: Սրան գումարած՝ Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու Կրեմլի ցանկությունը հուշում է, որ Ղարաբաղյան հարցում Հայաստանի համար պակասելու է ռուսական դիրքորոշման նպաստավորության աստիճանը», - ի մի է բերում «Իրավունք»-ի մեկնաբանը: «Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա ե’ւ «Արդարություն» դաշինքը, ե’ւ «Ազգային միաբանություն»-ը այս իրավիճակում կտրուկ քայլեր ձեռնարկելու որեւէ անհրաժեշտություն չունեն, քանզի ե’ւ ինտրիգների առատության առումով, ե’ւ աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով իշխանական դաշտը օբյեկտիվորեն աստիճանաբար թուլանում է», - նշվում է «Իրավունք»-ում:

«Հայաստանյան քաղաքական գործիչների մի ողջ բույլի սպառնում է տխուր ապագա», - նախանշում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: - «Արթուր Բաղդասարյան, Աղվան Հովսեփյան, Դավիթ Հարությունյան, Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան... Թվարկվածները բոլորն անխտիր վստահ են, թե Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու իրավունք ունեն: Միաժամանակ, բոլոր այդ գործիչներն էլ գիտակցում են, որ իրենց միակ շանսը երրորդ նախագահ հռչակվելն է: Եթե այս անգամ չհաղթեցին՝ չորրորդ կամ հինգերորդ նախագահ էլ չեն կարող դառնալ, քանզի արեւելյան մտածողությամբ մեր երկրում ով էլ հաղթի գալիք ընտրություններում, էլ մի տասը տարի աթոռից չի պոկվի... Մի խոսքով՝ քաղաքական դաշտի այսօրվա դերակատարներից միայն մեկին բախտը կարող է ժպտալ: Այդ իսկ պատճառով ներքաղաքական կյանքն ընթանում է այլ տրամաբանությամբ, սկսում է նոր՝ ավելի դաժան կանոնների ենթարկվել: Ու այլեւս խիստ հարաբերական են դառնում դաշնակիցներ հասկացությունները: Շատ հավանական է, որ ընդդիմության առանձին ճյուղեր, առանձին գործիչներ փոխշահավետ գործակցություն սկսեն իշխանության կոնկրետ հատվածի հետ», - կանխատեսում է «Այբ-Ֆե» թերթը:

«Ներքին գործերի նախկին փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Վահան Հարությունյանը, 1998-ի հունիսի 22-ից մինչեւ 2002-ի հունիսի 24-ը Ազգային անվտանգության մեկուսարանում անցկացնելուց հետո, այսօր զբաղվում է տնտեսական եւ հասարակական գործունեությամբ: Ազատության մեջ գտնվելուց ի վեր՝ առաջին անգամ Վահան Հարությունյանը «Հայկական ժամանակ» թերթում պատասխանում է իր նախկին եւ ներկա գործունեությանն առնչվող հարցերի: «Շատերը ձեզ մեղադրում են, որ հանուն ավելի մեղմ պատժաչափի իշխանությունների հետ գործարք եք կնքել՝ շինծու ցուցմունքներ տալով Վանո Սիրադեղյանի դեմ». այս հարցադրմանը նա արձագանքում է. - «Ժամանակին ես գրել եւ ասել եմ, որ երբեւէ չեմ գնացել գործարքի, քանի որ ինձ հանցագործ չեմ համարել: Ես եւ իմ տղաները կատարել ենք ոչ թե զակազ, այլ պետական հանձնարարություն: Ուղղակի երբ նավը խորտակվում է, եւ բոլոր հրամանատարները փախչում են՝ զինվորին թողնելով անտեր, դա ճիշտ չէ»: «2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ Սարի թաղում ղեկավարել եք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը: Դա ե՞ւս իշխանությունների հետ համագործակցության ապացույց չէ» դիտարկմանը Հարությունյանը հակադարձել է. - «Երբեք շտաբի պետ չեմ եղել: Այո, շատ բան եմ արել, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի: Որովհետեւ՝ ով ինչ ուզում է ասի, այդ մարդը շատ բան է անում, հատկապես Ղարաբաղի հարցում»: Միաժամանակ, ներքին գործերի նախկին փոխնախարարը հավաստիացնում է, թե շատ լավ է վերաբերում իր նախկին ղեկավար Վանո Սիրադեղյանին: «Այն, որ Վանոն շատ բան է արել մեր երկրի կայացման համար՝ անվիճելի է», - ասում է նա: - «Այսօրվա մեր օրերում Վանոյի պես մարդ է պետք, պինդ մարդ: Ինքը ուժեղ նախարար էր, շատ ուժեղ նախարար էր, ու հիմա նրա նման մարդու կարիք կա: Շատերը ասում են, թե Վահանը Վանոյին դավաճանեց: Դա սխալ է: Դեռ հարց է՝ ով ում դավաճանեց: Թե՞ պետությունը մեզ բոլորիս դավաճանեց: Ուզում էին նախկինում կատարված բոլոր կեղտոտ հանցագործությունները բարդել ինձ վրա: Բայց ես ոչ ուզում էի մեռնել, ոչ էլ քավության նոխազ դառնալ», - եզրափակում է ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG