Մատչելիության հղումներ

Ճգնաժամերի հարցերի միջազգային խումբ՝ Հայաստանին սպասում է ներքին անկայունություն


«Հայաստանը պետք է տնտեսական հաջողությունը ամրապնդի արագացված ժողովրդավարացմամբ եւ օրենքի ուժի ապահովմամբ», - ասված է Ճգնաժամերի հարցերի խումբ կոչվող միջազգային կազմակերպության՝ երեկ հրապարակված զեկույցում, որը վերնագրված է հետեւյալ կերպ. «Հայաստան՝ առջեւում ներքին անկայունություն է»։

«2004 թվականի ապրիլին ուժ կիրառելով փողոցային բողոքները դադարեցնելու նպատակով, նախագահ Քոչարյանը եւ նրա խորհրդատուները ցույց տվեցին, որ իրենք դժվար թե անսան Հայաստանը ավելի հանդուրժողական, դեմոկրատական եւ պակաս կոռումպացված պետություն դարձնելու կոչերին», - փաստում են զեկույցի հեղինակները՝ եզրակացնելով. - «Բոլոր դեպքերում, մկանների ցուցադրումը կրկին անգամ հիշեցրեց, որ բռնությունն առայժմ Հայաստանի քաղաքական կյանքի մասն է»։

Անդրադառնալով Հայաստանի նախագահին, զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում, որ ավանդական հայաստանյան քաղաքականության տեսակետից Ռոբերտ Քոչարյանը հայաստանցիների մեծամասնության կողմից ընկալվում է որպես օտար։ «Նախնական շրջանում որոշակի դիմադրության հանդիպելով, նա ի վերջո համախմբեց իր իշխանությունը՝ քանդելով հին կառույցները եւ նշանակելով իր աջակիցներին (մեծ մասամբ՝ ծագումով ղարաբաղցիների) առանցքային սոցիալ-տնտեսական պաշտոններին», - գրում են զեկույցի հեղինակները՝ ներկայացնելով Հայաստանում վարած զրույցների հիման վրա արված իրենց դիտարկումը, թե «չնայած միայն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է ղարաբաղցի, շատ այլ ղարաբաղցիներ են նշանակշել որպես համալսարանների եւ դեպարտամենտների, հիվանդանոցների եւ դպրոցների ղեկավարներ»։

Ճգնաժամերի հարցերի խումբը փաստում է, որ Քոչարյանի մերձավորագույն աջակիցը պաշտպանության նախարարն է, որը հաճախ ընկալվում է որպես Հայաստանի իրական նախագահ՝ քաղաքականության, տնտեսության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների բնագավառում ունեցած հզոր ազդեցության պատճառով։ Քոչարյանը եւ Սարգսյանը կարող են տարաձայնություններ ունենալ կարեւոր հարցերում, բայց նրանք այնքան են զգում միմյանց կարիքը, որ դժվար թե վտանգեն իրենց հարաբերությունները։ Սարգսյանը Քոչարյանի քաղաքական վճիռների հմուտ իրականացնողն է եւ ի վերջո կարող է լինել նրա «հարմար ժառանգորդը»։

Զեկույցի հեղինակները գտնում են, որ Հանրապետական կուսակցությունը ամենահզորն է եւ հավանաբար ամենից շատ է հակված դավաճանելու կոալիցիային. - «1990 թվականին հիմնված այդ կուսակցությունը կազմված է հիմնականում նախկին կոմունիստական վերնախավից։ Հանրապետականների նպատակն է պահպանել տնտեսական իշխանությունը, որը նրանք ունեցել են խորհրդային ժամանակաշրջանում»։ «Օրինաց երկիր»-ը զեկույցի հեղինակների կողմից ներկայացվում է որպես աջակենտրոն կուսակցություն՝ 35-ամյա Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, որը արժանանում է Արեւմուտքի եւ մասնավորապես Ֆրանսիայի հավանությանը. - «Բաղդասարյանը աջակցություն չի վայելում ոստիկանության եւ բանակի շրջանում, բայց 2008 թվականին փոխզիջումային ընտրությունը կարող է կանգ առնել նրա վրա՝ որպես Քոչարյանի հետնորդի»։

Դաշնակցության մասին զեկույցի հեղինակները գրում են. - «Դաշնակցությունն ու Քոչարյանի կլանը շատ մոտ են։ Նրանք համոզված են, որ անհրաժեշտ է ուժեղացնել անվտանգության ուժերը եւ հակաթուրքական դիրքորոշում ունեն»։ Ճգնաժամերի հարցերի խումբը մեջբերում է Դաշնակցության առաջնորդներից մեկի խոստովանությունը, թե «Հայաստանում արեւմտյան տիպի ժողովրդավարություն չկա, եւ եթե ուզում ես ազդել քաղաքականության վրա, պետք է լինես իշխանության ներսում, ոչ թե դրանից դուրս»:

Հայաստանի ընդդիմությունը, փաստաթղթի հեղինակների կարծիքով, պառակտված է։ Կուսակցությունները հենվում են անձերի վրա, որոնք ասոցիացվում են անկախությունից առաջ կամ հետո ազդեցություն ունեցած կլանների եւ գերդաստանների հետ։ «Համապատասխանում է դա իրականությանը, թե ոչ՝ բայց ընդդիմությունը չի ընկալվում որպես արժանահավատ այլընտրանք եւ պետք է փոխի իր իմիջը», - փաստում են զեկույցի հեղինակները։

Բրյուսելում գտնվող Ճգնաժամերի հարցերի խմբի ղեկավար մարմնում ընդգրկված են այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մատի Ահտիսաարին, ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը, բարերար Ջորջ Սորոսը, Գրիգորի Յավլինսկին եւ այլոք:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG