Մատչելիության հղումներ

Քննարկվել են Ռուսաստան – Հայաստան բեռնափոխադրումների այլընտրանքային ուղիները


Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի խոսքերով, իրավիճակը չի փոխվի առաջիկա առնվազն մեկ ամսվա ընթացքում: Լեւիտինը, սակայն, Հայաստանի ղեկավարությանը հավաստիացրել է, որ Ռուսաստանը «մշտապես չի փակել Վերին Լարսի անցակետը»:

Տրանսպորտային խնդիրները կենտրոնական տեղ են զբաղեցրել Հայաստանի ղեկավարության հետ Լեւիտինի հանդիպումների, ինչպես նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում:

«Հիմա այնտեղ [Վերին Լարսի անցակետում] միջոցառում է անցկացվում, որը կտեւի 30-40 օր: Բայց եթե նորից մեքենաներ կուտակվեն, հատկապես ուղեւորներով ավտոբուսներ, մեքենաներն ու բեռները բաց թողնելու որոշում կընդունվի», - միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իգոր Լեւիտինը՝ շեշտելով, որ նշված միջոցառման անցկացումն անհրաժեշտ է Բեսլանի հայտնի իրադարձություններից հետո ահաբեկչության դեմ պայքարն ուժեղացնելու համար:

Ու թեեւ Լեւիտինը ասաց, որ անցակետը «մշտապես չի փակվելու», այդուհանդերձ, հեռանկարը այնքան էլ պարզ չէ, քանի որ Երեւանում քննարկվել են բեռնափոխադրումների այլընտրանքային հնարավորությունները: Քննարկվել է, օրինակ, բեռնափոխադրումների Աստրախան - Էնզելի (Իրան) լաստանավային ուղին, ինչից հետո բեռները ավտոմեքենաներով կտեղափոխվեն Հայաստան: Ըստ Լեւիտինի, մասնագետները այդ ուղին ավելի արագ ու էժան են գնահատում, քան Վարին Լարսի ուղին:

Ռուս նախարարի խոսքերով, այդ ուղին կիրառելու համար հարկավոր է սոսկ որոշ «ֆորմալ հարցեր» լուծել իրանական կողմի հետ:

Այլընտրանքային մեկ այլ՝ սեւծովյալ լաստանավային ուղու մասին խոսեց նաեւ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, ներկայումս այդ ուղղությամբ «ինտենսիվ աշխատանքներ են տարվում»:

Պատասխանելով Ռուսաստան – Հայաստան երկաթուղային կապի վերաբացման հնարավորությանը վերաբերող հարցին, Լեւիտինը ասաց, որ դրա համար հարկավոր է Վրաստանի համաձայնությունը: Հարկ է նշել, որ Լեւիտինը նաեւ Ռուսաստան – Վրաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է եւ մոտ ապագայում այդ հարցը քննարկելու է Վրաստանի ղեկավարության հետ:

Այսօր Լեւիտինը մեկնելու է Ադրբեջան եւ, իր փոխանցմամբ, մտադիր է երկաթուղու վերաբացման հարցը քննարկել նաեւ այնտեղ:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG