Մատչելիության հղումներ

Լրագրողները մրցանակ են ստանում, լրագրողները բողոքում են


Հայ մամուլի օրվա կապակցությամբ, որն այս տարի առաջին անգամ է նշվելու հոկտեմբերի 16-ին, հինգշաբթի օրը մի խումբ լրագրողների հանձնվեց Հայաստանի ժուռնալիստների միության սահմանած «Ազդարար» մրցանակը: Այսուհետ ամեն տարի այն շնորհվելու է երկրի լավագույն լրագրողներին:

Պարգեւատրվածների թվում են «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «Ֆոտոլուր» գործակալության ղեկավար Հերբերտ Բաղդասարյանը, այլ լրագրողներ։

Միեւնույն ժամանակ այսօր Հայաստանի ժուռնալիստների միությունը, Երեւանի մամուլի ակումբը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հանդես են եկել հայտարարությամբ` երեկ Կապանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

«Ըստ երեւույթին այս տարվա ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ կատարված բռնությունների մի մասի անպատիժ մնալը կամ կատարողների նկատմամբ մեղմ պատժամիջոցները ոմանց մոտ տպավորություն են ստեղծել, որ կարելի է ահաբեկել լրագրողներին», - ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները պահանջել են իրավապահ մարմիններից կատարել Կապանում տեղի ունեցած միջադեպի օբյեկտիվ քննություն եւ պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած անձանց։

Հոկտեմբերի 13-ին մի խումբ երիտասարդներ բռնություն էին կիրառել «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի նկատմամբ։ Ըստ տարբեր աղբյուրների, «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի վրա հարձակվողներից մեկը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե պարզվի, որ այդ անձը մեղավոր է, նա ոչ միայն կհեռացվի կուսակցությունից, այլեւ կպատժվի։


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG