Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստանում է, որ «վտանգավոր աղանդների» դեմ պայքարը կշարունակվի


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չորեքշաբթի օրը, անդրադառնալով վերջերս արդարադատության նախարարության կողմից «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցմանը, ասաց, որ կառավարությունը շարունակելու է օրենքի շրջանակներում պայքարել վտանգավոր աղանդների դեմ:

«Մենք ոչ թե պետք է գնանք արգելելու ճանապարհով, այլ պետք է փորձենք հնարավորություն տալ: Տալուց հետո այնպիսի պայմաններ ստեղծենք, հետեւենք, որ եթե նրանք օրենքը խախտում են, մենք կարողանանք օրենքի միջոցով նրանց գործունեությունը արգելել», - Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Մարգարյանը՝ շարունակելով. - «Ես զարմանում եմ, որ մեր հասարակությունը ուշադրությունը կենտրոնացնում է միայն մեկ աղանդի վրա: Պակաս վտանգավոր չեն նաեւ մնացած աղանդները, որոնք գրանցվել են: Ուղղակի «Եհովայի վկաները» ցանկանում էին հաշվի չառնել մեր պետության օրենքները եւ ուժով այդ խնդիրը իրենց համար լուծեին»:

Վարչապետի կարծիքով, ավելի վաղ գրանցված շուրջ երեք տասնյակ աղանդների թվում շատ ավելի վտանգավորները կան, քան «Եհովայի վկաներն» են:

Նա հայտարարեց, որ կառավարության կազմում վերջերս ստեղծված Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության գործունեությունը ավելի հրապարակային է դառնում՝ ակնկալելով հասարակական, քաղաքական, կրոնական կազմակերպությունների, հասարակության լայն շրջանակների աջակցությունը:

«Ես կոչ եմ անում նաեւ մեր պատգամավորներին աջակցել մեր վարչությանը՝ ինֆորմացիան հավաքելու, ինչից հետո մենք կփորձենք օրենքի ուժով այդ աղանդների դեմ պայքարել»:

Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, ժամանակին՝ «Խղճի ազատության մասին» օրենքն ընդունելիս, շատ «անփորձ ու ժողովրդավար» էինք: Նրա հավաստմամբ, ներկայումս նախապատրասվում են նոր օրենսդրական փոփոխություններ, որոնք կներկայացվեն Ազգային ժողովին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG