Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը, ճիշտ է, երբեմն կարճ ժամանակով բացվում է, բայց այդ ուղին այլեւս հուսալի չէ, եւ Հայաստանի իշխանությունները շահագրգիռ եւ պատկան օղակներում սկսել են լրջորեն մտածել բեռնափոխադրումների այլընտրանքային ճանապարհներ գտնելու մասին», - ամրագրում է «Առավոտ» թերթը: Ինչ վերաբերում է մինչ օրս գրանցված վնասներին, ապա, Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ` «վնասն էական է հատկապես միջին եւ մանր բիզնեսի համար, որոնք աշխատում են ռուսական շուկայից հումքի, սարքավորումների, պատրաստի ապրանքների ներկրմամբ կամ՝ Հայաստանից արտահանմամբ»: «Այս խավի համար, որ ամենանուրբն է, որի ռեսուրսներն ամենասուղն են, եւ որն, իրոք, արագության համար վճարում է մի փոքր թանկ, այս մեկ ամիսը խիստ կործանարար էր», - «Առավոտ»-ի թղթակցին ասել է Արսեն Ղազարյանը:

Ըստ «Հայոց աշխարհ» թերթի, Ազգային ժողովում կատաղի վեճեր են ծավալվում երկրորդական հարցի շուրջ: Այդպիսին է դիտարկվում համամասնական–մեծամասնական տեղերի հարաբերակցության խնդիրը: «Ի՞նչ տարբերություն բոլորիս համար, թե նրանցից քանիսը խորհրդարան կընկնի կուսակցական ցուցակներով, իսկ քանիսը՝ մեծամասնական ընտրատարածքներից։ Ի՞նչ կփոխվի դրանից մեր կյանքում։ Եթե մեծամասնականով ընտրվածը Ազգային ժողովում հայտնվել է ընտրակաշառքների օգնությամբ, մի՞թե դա ինքնըստինքյան նշանակում է, թե այս կամ այն կուսակցությունը խորհրդարանական է դարձել ազնիվ պայքարում, առանց ընտրողներին կաշառելու եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օգնության», - հարցեր է դնում «Հայոց աշխարհ»-ը՝ խտացնելով. - «Դրույթն այն մասին, թե պատգամավորական կորպուսի որակը կախված է ընտրակարգի ձեւից, սխալ է եւ դեմագոգիկ... Անկախ այն բանից, թե ինչ ընտրակարգով է ձեւավորվելու խորհրդարանը, այն իրենից ներկայացնելու է մեր հասարակության հյուսվածքաշերտը։ Հենց հասարակության որակից էլ միշտ կախված կլինի խորհրդարանի որակը։ Եթե հասարակությունը առողջ չէ, եթե նրանում ամենից առավել գնահատվում է շրջապատին ու պետությանը խաբելով կյանքում լավ տեղավորվելու հմտությունը, իշխանությունը, փողը, զոռբայությունը եւ այլն, այդպիսին կլինեն նաեւ պատգամավորները»։

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության պաշտոնական գրանցումը Հակաստանում որոշակի դժգոհություն է առաջացրել Մայր Աթոռ սբ. էջմիածնում», - փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը: Այս կապակցությամ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ասել է հետեւյալը. - «Մենք պետք է մեր դժգոհությունը հայտնենք, քանի որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն իր սկզբունքներով հակաքրիստոնեական է, որեւէ առնչություն չունի մեր ազգային պատմության, ինքնության, հոգեբանության, իղձերի, ձգտումների եւ տեսիլքների հետ: Նման կրոնական կազմակերպությունների գրանցումն իրականացնելուց առաջ նախ պետք է սահմանվեն հստակ օրենքներ: «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի անկատարության պայմաններում Մայր Աթոռ սբ. Էջմիածինը միանշանակ չի կարող համաձայնել նման գրանցմանը: Այն միայն ավեր կարող է գործել, որովհետեւ վերոնշյալ օրենքով սահմանված չէ, թե մարդորսության, ընտանիք քայքայելու եւ ժողովրդի մեջ պառակտում սերմանելու համար ինչպիսի պատասխանատվության պետք է ենթարկվեն կրոնական կազմակերպությունները»: Միեւնույն ժամանակ «Հայկական ժամանակ»-ում նշվում է. - «Մայր Աթոռ սբ. Էջմիածնի գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ թե, կամ՝ ոչ այնքան այս կամ այն աղանդի դեմ, այլ սեփական կերպարի բարեփոխմանը: Ի վերջո, Հայ Առաքելական եկեղեցին պետք է կարողանա մարդկանց համար ավելի գրավիչ դառնալու ուղիներ փնտրել»:

«Տարօրինակ չէ, որ ինչ-որ դրսից հրահանգված մեկի՝ իշխանական շրջանակներում արվամոլներ բացահայտելու հայտարարությունը ալեկոծում է քաղաքական դաշտը, մինչդեռ «Եհովայի վկաների» գրանցումը լռության է մատնվում։ Գուցե այստեղ ե՞ւս պաշտոնական շրջանակներում եհովականների բացահայտումներ պետք է արվեն», - գրում է «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը։ - «Ինչպե՞ս չզարմանանք, որ Ֆրանսիայի պես հզոր անվտանգության համակարգ ունեցող երկիրը կասեցնում է «Եհովայի վկաների» գործունեությունը, մինչդեռ անվտանգության առումով խոցելի մեր երկրում գրանցում են տոտալիտար այս աղանդը»։ «Երբ երկրիդ պատոնյան ստրկամիտ է, իսկ եկեղեցուդ հովիվը՝ թմբիրի մեջ». այս վերնագրի տակ են «Հայոց աշխարհ»-ում բերվում համապատասխան պաշտոնյաների հավաստիացումները, թե այդ կազմակերպության կանոնադրությունն արդեն համապատասխանեցված է Հայաստանի օրենքներին: «Առավոտ» թերթի խմբագրականում էլ շեշտվում է. - «Կրոնական տոտալիտարիզմը չես հաղթի՝ չգրանցելով այս կամ այն կազմակերպությունը... Խնդրեմ, թող հանգիստ ապրեն Եհովայի վկաները մեր երկրում՝ համաձայն իրենց հավատքի: Սակայն եթե նրանց հավատքը հակասությունների մեջ է մտնում մեր երկրի գործող օրենսդրության հետ, ապա առաջնայնությունն, անխոս, օրենքինն է: Եթե «Եհովայի վկաներ» աղանդից որեւէ մեկը փորձի տարածել օրենքով արգելվող գաղափարներ, ապա գործող օրենքի համաձայն՝ նա պետք է ենթարկվի նույն այն պատասխանատվությանը, որին կենթարկվի ՀՀ ցանկացած քաղաքացի՝ անկախ իր դավանանքից: Ոչ մի կրոն չի ազատում որեւէ մեկին օրենքով պատասխանատվություն կրելուց»:

«Հայաստանում գործող ամենաանհանդուրժողական կրոնական համայնքը գրանցվեց ՀՀ արդարադատության նախարարությունում: Այս կազմակերպությունը, ինչպես հայտնի է, աչքի էր ընկնում բանակային ծառայության նկատմամբ իր ընդգծված բացասական վերաբերմունքով եւ կրոնական քարոզչությունն իրականացնելիս այլ մարդկանց իրավունքների ոտնահարմամբ», - արձանագրվում է «Ազգ» թերթում: Այստեղ էլ, սակայն, նշվում է. - «Եհովայի վկաների» օրինական գործունեությունն իր խիստ բացասական հետեւանքների հետ ունի մեկ կարեւոր առավելություն՝ այսուհետեւ հնարավոր կլինի իրավական ճանապարհով ստիպել նրան գործելու Հայաստանի օրենքների շրջանակներում: Մի բան, որ հնարավոր չէր, երբ կազմակերպությունը գրանցված չէր եւ խախտելով Հայաստանի օրենքներն, անխափան գործունեություն էր ծավալում»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG