Մատչելիության հղումներ

Ռուսաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը կհանդիպի Հայաստանի ղեկավարության հետ


Երեքշաբթի ուշ երեկոյան Երեւան կժամանի Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի գլխավորած պատվիրակությունը:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրության, այցի ընթացքում Լեւիտինը հանդիպումներ կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի եւ իր հայաստանյան գործընկեր՝ տրասպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ասաց, որ հայկական կողմը առաջարկել է Լեւիտինի հետ քննարկել սեւծովյան լաստանավային փոխադրումներին, Հյուսիս – Հարավ տրանսպորտային միջանցքին Հայաստանի անդամակցելուն, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

«Մենք քննարկելու ենք երկու նախարարությունների համագործակցության խնդիրը՝ արդեն միջկառավարական համագործակցությունից դուրս, ինչպես նաեւ կապի բնագավառում մեր համագործակցության խնդիրները», - ավելացրեց Անդրանիկ Մանուկյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG