Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մի՞թե Ստրասբուրgում ընդդիմության եւ իշխանական թեւի հարաբերությունների նման համերաշխության «պատճառը» ԵԽ-ից Հայաստանի հնարավոր վտարման վախն էր: Դժվար թե,- վերլուծում է «Առավոտ» թերթը,- քանի որ նախկինում էլ նման մտահոգությունը ընդդիմադիր պատվիրակներին չէր խոչընդոտում՝ Ստրասբուրգում հանդես գալու հայաստանյան իշխանություններին քննադատող ամենակտրուկ հայտարարություններով: Եթե չգայթակղվենք այս ամենը բացատրելու հայրենասիրությամբ եւ հարեւան ոչ բարեկամական երկրի առաջ համախմբվելու կարեւորության գիտակցությամբ, ապա համաձայնության գալու տարբերակները մի քանիսն են: Սկսած նրանից, որ իշխանությունը կամ կոալիցիայի թեւերից մեկը ինչ-որ կերպ կարողացավ համագործակցության ոլորտում հետաքրքրել ընդդիմությանը (հայտնի է, որ կառավարող կոալիցիայի ներսում տարաձայնություններ կան), վերջացրած նրանով, որ հայաստանյան ընդդիմությանը պարզապես ստիպեցին փոխզիջումների գնալ՝ Հայաստանի իշխանությունների վրա Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր ճնշումներից խուսափելու համար: Այսպես թե այնպես, սակայն մեր ընդդիմությունն, ամենայն հավանականությամբ, շուտով կվերադառնա խորհրդարան»:

«Հայոց աշխարհ» թերթի գնահատկանով էլ. «ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 7-ի նիստում Հայաստանի պատվիրակության որդեգրած քաղաքական պահվածքը ոգեւորիչ եւ խիստ դրական նախադեպ է եվրոպական կառույցներում մեր խորհրդարանականների գործունեության մեջ: Կառավարող կոալիցիան ներկայացնող պատգամավորների կողմից դրսեւորվել է անհրաժեշտ ճկունություն: Դրա հետեւանքով ներքաղաքական խնդիրներում համաձայնության եզրեր գտնելու միջոցով արտաքին ճակատում ապահովվել է միասնական եւ, ըստ էության, անխոցելի դիրքորոշում: Հոկտեմբերի 7-ից հետո ստեղծվում են բարենպաստ պայմաններ՝ արտաքին ճակատում ձեռք բերված միասնությունը երկրի ներսում փոխադարձ հանդուրժողականության վերածելու, թշնամանքն ու ատելությունը մեղմելու, խորհրդարանի աշխատանքներին կանոնավոր ընթացք տալու համար: Սա նշանակում է, որ վրա է հասել նաեւ ընդդիմության խորհրդարան վերադառնալու պահը: Հարկավոր է շարունակել համբերատար աշխատանքը՝ հոկտեմբերի 7-ին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ձեռք բերած քաղաքական կապիտալը բազմապատկելու եւ ներքաղաքական կյանքում նույնպես լուրջ երկխոսության անցնելու համար,- հորդորում է «Հայոց աշխարհը»:

«7 տարի առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեց իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Այն Հայաստանի բնակիչների մեծ մասի կողմից ընկալվեց բացասաբար: Սակայն, կարծում եմ, որ պատճառը այդ հոդվածում արտահայտված մտքերը չէին եւ նույնիսկ ՀՀ առաջին նախագահի՝ Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումը չէր: Պատճառն ընդհանուր բացասական վերաբերմունքն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Առաջին նախագահի իշխանության օրոք մարդկանց կյանքը վատացավ 10 անգամ: Եվ անկախ օբյեկտիվ պատճառներից. 1997-ի հոկտեմբերին հայաստանցիների ճնշող մեծամասնության համար բացարձակապես միեւնույն էր, թե ինչ մտքեր են շարադրվել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում: Ինչ էլ գրված լիներ այնտեղ, ինչպիսի փաստարկներ էլ բերվեին նախագահի կողմից, հիմնական զանգվածը վստահ էր. «Լեւոնն ամեն ինչ թալանել է, քանդել է երկիրը, եւ հիմա էլ ուզում է Ղարաբաղը ծախել թուրքերին»: Հիմա ի տարբերություն Լեւոն տեր-Պետրոսյանի ասվում է. «Որքան հակամարտությունն առկախ է մնում, այնքան շատանում են մեր հնարավորությունները: Որքան երկար ճանապարհները փակ լինեն, այնքան դինամիկ է զարգանալու Հայաստանը: Տարիների ընթացքում գնալով մենք ավելի ու ավելի լավ տարբերակների ենք գալիս. «ընդհանուր պետություն» տարբերակն ավելի լավն է, քան փուլայինը, իսկ Քիուեսթինը՝ ավելի լավը, քան՝ «ընդհանուր պետությունը»: Երեկ Ցեղասպանությունը ճանաչել է Ֆրանսիան, վաղը կճանաչի ԱՄՆ-ը, մյուս օրը՝ Մոզամբիկն ու Բոթսվանան»: Այսպես որ գնա, ըստ այդ տրամաբանության, հաջորդ տարի Մինսկի խումբը Հայաստանին կտա ոչ միայն Ղարաբաղը, այլեւ՝ Արեւմտյան Հայաստանը,- «Առավոտ»-ի խմբագիրը համադրում է,- ՀՀ առաջին նախագահը գերադասեց չխաբել եւ չձեւանալ»:

Վրաստանի մաքսային գերատեսչության «Հյուսիսային» մաքսակետի ղեկավար Կախա Միքելաձեն «Ազգ»-ի թղթակիցներին ասել է. «Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի հատվածում Վրաստան մուտքը բաց է: Սահմանը բաց է վրացական կողմից եւ փակ՝ ռուսական կողմից: Մենք ամեն պահի պատրաստ ենք ապահովելու Հայաստան շարժվող ավտոմեքենաների` սահմանն անցնելու մաքսային եւ անձնագրային սպասարկումը:- Ռուսական կողմը ինքը փակելով սահմանը եւ թույլ չտալով դեպի Հայաստան եւ Հայաստանից Ռուսաստան շարժվող բեռնատարներին անցնել Վրաստան, լրատվամիջոցներով տարածում է տեղեկություններ, թե իբր վրացական կողմն է խոչընդոտում: Այս ապատեղեկատվությունը հիմք է ծառայում որոշ հայ պաշտոնյաների եւ լրատվամիջոցների համար, ամրագրվում է «Ազգ»-ում՝ «Ռուսաստանը Վրաստանին եւ Հայաստանին շրջափակել է ցամաքով եւ ծովով» վերնագրի տակ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցին ասել է, որ շուտով ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում իրեն կփոխարինի Գագիկ Ծառուկյանը: Իսկ գտնվեցին արդյոք վերջին օլիմպիադայում Հայաստանի հավաքականի տապալման մեղավորները: Իշխան Զաքարյան պատասխանում է.«Այո, կան մեղավորներ, որոնց մեղքը բնավ օբյեկտիվ հիմքեր չունի, եւ առաջիկայում, երբ կլինեն Ֆեդերացիաների նիստերն, ու կգա որոշում կայացնելու ժամանակը, բոլոր մարզաձեւերում կլինեն կադրային փոփոխություններ: Բոլոր այդ մարզաձեւերում, որտեղ մենք ավանդաբար ուժեղ ենք եղել, պետք է լուծարվեն մարզչական խորհուրդները, քանզի այդ խորհուրդները բացարձակապես չեն աշխատել: Սկզբունքային որոշումներ պետք է կայացնենք նաեւ ֆեդերացիաների ու հատկապես ֆեդերացիաների նախագահների հետ կապված»:- Հուսադրում է պարոն Զաքարյանը, որը կշարունակի գլխավորել ՀՀ կառավարությանն առընթեր Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեն:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG