Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռուս-վրացական Վերին Լարս սահմանային անցակետի բացման որոշումը կա, բայց անցակետը գործնականում դեռ փակ է՝ շարունակվող անորոշություն է արձանագրում «Հայոց աշխարհ» թերթը:

«Ազգ»-ի թղթակիցներն էլ «Վերին Լարսում ռուս-վրացական կամակորություններ» վերնագրի տակ՝ սահմանագծից փոխանցում են. Վրաստանը 3-ժամյա «կանաչ լույս» վառեց Հայաստան մեկնող ավտոմեքենաների համար, բայց ապարդյուն, իրավիճակը մնում է խառն ու լուրջ խնդիրներ կան:

«Դե յուրե՝ բաց, դե ֆակտո՝ փակ սահման, - ձեւակերպել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, նաեւ նախանշելով. «Վրաց-ռուսական Վերին Լարս անցակետը դեռ երկար ժամանակ կարող է չվերաբացվել, որովհետեւ տեղեկություններ կան, թե ՌԴ իշխանությունները պատրաստվում են առաջիկա օրերին արտակարգ դրություն մտցնել Հյուսիսային Կովկասում: Բանն այն է, որ հաջորդ շաբաթ լրանում է Բեսլանի զոհերի քառասուն օրը, եւ տեղեկություններ կան, թե օսերը սգից դուրս գալուց հետո վրեժի գործողություններ են կատարելու չեչենների եւ ինգուշների նկատմամբ: Ասել է թե՝ այս պահին Վերին Լարսում գտնվող հայաստանցիների միակ շանսը առաջիկա օրերին այնտեղից դուրս պրծնելն է, այլապես՝ իրավիճակը հետագայում կարող է շատ ավելի ծանրանալ»:

«168 ժամ» շաբաթաթերթում այսօր բերված է գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետեւյալ գնահատականը.«Լարսի ճանապարհը հաճախակի ձմռան ամիսներին փակ է լինում, եւ կա գործունեության ոլորտ, որտեղ այն անփոխարինելին է, բայց այն Ռուսաստանի հետ ունեցած մեր բեռնափոխադրումների միայն 20-25 տոկոսն է կազմում: Պարզապես շատ վատ ստացվեց, որ Լարսի անցակետը փակվելու մասին նախապես չնախազգուշացրեցին, որպեսզի սահմանի վրա կուտակումներ չլինեն, որովհետեւ կուտակումների արդյունքում շատ կազմակերպություններ շատ կորցրեցին: Իսկ ինչ վերաբերում է ապրանքների թանկացմանը, սահմանի փակման հետեւանքով կարող է մեկ-երկու ապրանքատեսակ թանկանալ միայն, բայց մեծ մասի վրա չի կարող ազդել»:

Գործարար պատգամավորը անդրադարձել է նաեւ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե սահմանների փակ լինելը չի կարող ազդել Հայաստանի տնտեսության վրա, եւ որ Հայաստանը կարող է 100 տարի էլ ինքնուրույն զարգանալ՝ առանց սահմանների բացման, ու մասնավորապես նշում է.«Ոչ մի տնտեսություն ինքնուրույն չի զարգանում. այն զարգանում է այլ պետությունների հաշվին, այլ պետությունների հետ համագործակցելով, այլ պետություններում իր ապրանքն իրացնելով, ապրանքներ բերելով, այնպես որ, ես համամիտ չեմ, թե ինքնուրույն կարող է մի պետություն զարգանալ: Առավել եւս Հայաստանը, որովհետեւ մեր այլընտրանքային ճանապարհները շատ քիչ են»:

«Արդարություն» դաշինքի անդամները երեկ փակ-գաղտնի ժողով էին անցկացրել: Բայց, -ինչպես բնորոշում է «Առավոտ»-ի թղթակիցը,-սա այն դեպքն է, երբ կարելի է արձանագրել՝ «գաղտնի՝ ի լուր աշխարհի»։ Երեկվա ընթացքում արդեն դաշինքի որոշ անդամներ հասցրին հայտարարություններ անել այստեղ ու այնտեղ, որ հոկտեմբերի 27-ին սպասվում է հանրահավաք կամ այդ կարգի միջոցառում, որի ժամանակ կհարգվի «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը եւ որը կկրի «Ընդդեմ ահաբեկչության» խորագիրը»։

«Առավոտ» թերթը հայթայթել է նաեւ, որ խորհրդարանում «Ընտրական օրեսգրքի» քվեարկության ժամանակ ընդդիմությունը կարող է եւ վերադառնալ Ազգային Ժողով եւ քվեարկել:

Ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանից հետո թափուր մնացած պատգամավորական տեղի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ վերջինիս եղբայրը` Պաշտպանության նախարարի աշխատակազմի վերլուծական բաժնի սպա Առաքել Մովսիսյանը:
«Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում Առաքել Մովսիսյանը ասում է. «Ես խորհրդարան եմ գալիս որպես Մուշեղ եւ որպես Շմայս՝ այն բոլոր գործերը, որ կիսատ թողեց իմ եղբայրը, նրա պես պատվով անելու համար: Ես չեմ կարող անտեր թողնել այն 28 գյուղը, որին տիրություն էր անում Մուշեղը, եւ այդ գյուղերն այսօր անտերություն չպիտի զգան: Ես դրա համար եմ գալիս: Իմ հասանելիք փայը՝ թե՛ առողջականով, թե՛ հոգեկանով, թե՛ դուխով, տալու եմ ժողովրդին: Մենք մեր գործը գիտենք ու չենք թողնի, որ մեր հասանելիք ապրուստը ժողովրդի աչքին վարկաբեկվի:-Մուշեղ Մովսիսյանի ավտովթարից հետո, տեսակետներ հնչեցին, որ այդ ավտովթարը կազմակերպված է եղել, նման վարկածը հնարավոր համարո՞ւմ եք, հարցին էլ պատասխանել է,- Աշխարհի ամենահզոր ռազվեդկայի պետը ես եմ եղել, աշխարհի ամենահզոր զինվորականը ես եմ եղել, ու եթե դա ոչ թե պատահականություն լիներ, այլ լիներ կազմակերպված բան, այդ հարցը մենք վաղուց վերջացրած կլինեինք»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG