Մատչելիության հղումներ

Ավտոճանապարհի փակումը գործարարներին վնասում է ֆինանսապես եւ բարոյապես


Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել բացել Վերին Լարսի անցակետով դեպի Հայաստան իրականացվող տրանսպորտային փոխադրումների ճանապարհը, որը Բեսլանի ողբերգությունից հետո, անցած ամսվանից չէր գործում: Տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն այս որոշումը կայացվել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ տեղի ունեցած հետեւողական բանակցությունների արդյունքում:

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի բնորոշմամբ, սահմանի բացումը պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ:

Չնայած Ռուսաստանի երեկ կայացրած այս որոշմանը, Հայաստան ուղեւորվող ավտոմեքենաները դեռեւս շարունակում են կանգնած մնալ սահմանային անցակետում, քանի որ հիմա էլ վրացական կողմի հետ պետք է բանակցություններ տանել, որպեսզի բեռները վերջապես Հայաստան մտնեն:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի փոխանցմամբ, բանակցություններն արդեն սկսվել են, եւ եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա այսօր արդեն ուշ երեկոյան այդ
բեռները կհասնեն Հայաստան:

Մոտավոր տվյալներով, Վերին Լարսի անցակետում դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացող 1500 մեքենա կա: Գործարարների միության եւ բեռնափոխադրումներ իրականացող «Ապավեն» ընկերության նախագահ Արսեն Ղազարյանի փոխանցմամբ, սահմանակետում են մնացել «Արմենիա Լադա» ընկերության 500 մարդատար ավտոմեքենաները, պաշտպանության նախարարության 100-ից ավելի բեռնատար մեքենաները, կոմերցիոն բեռնափոխադրումներ իրականացնող 250 այլ մեքենաներ, որոնց մեջ կան նաեւ սառնարանային, փչացող ապրանքներ:

Արսեն Ղազարյանի փոխանցմամբ, գործարարների մի մասը, ներկվող ապրանքը հնարավորինս շուտ տեղ հասցնելու նպատակով փորձում են բեռնափոխադրումներն իրականացնել Ուկրաինայով, կամ այլընտրանք չունենալով, պարզապես բեռները հետ են վերադարձվում արտահանողներին:

Գործարարների միության նախագահը դժվարացավ հաշվարկել, թե Ռուսաստանի կողմից սահմանի փակումը, ինչ չափի վնասներ է հասցրել գործարարներին, քանի որ վնասը հնարավոր է հաշվարկել միայն բեռները ստանալուց հետո:

Արսեն Ղազարյանի համոզմամբ, բեռնափոխադրումներ իրականացնողները ոչ միայն ֆինանսապես են տուժում, այլեւ հոգեպես, հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 12-ից մարդիկ պարզապես անցակետերում են իրենց օրն անցկացնում:

Ռուսաստանի կողմից սահմանի բացումը Հայաստանի գործարարների միության նախագահը դեռեւս խնդրի լուծում չի համարում, քանի որ այս պահի դրությամբ բեռները դեռ Հայաստան չեն հասել:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG