Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեկվա ասուլիսում, հակառակ նախապես տրված խոստումների, դաշնակցությունը հանրապետությունում ստեղծված վիճակից ելքեր չառաջարկեց ամրագրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ բխեցնելով. «Այս լղոզված կեցվածքը շատերին ուղղակի հիմք է տալիս ենթադրելու, որ դաշնակցությունն ընդամենը ուզում է շանտաժով իր համար տեղ բացել պլուտոկրատիայի բուրգում:

Դաշնակցության ներկայացուցիչների երեկվա ասուլիսը ուղղակի վերջնագիր էր Ռոբերտ Քոչարյանին իր շրջապատի որոշ ազդեցիկ պաշտոնյաներին պաշտոնանկ անելու պահանջով, առանձնացնում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբաններից մեկը,- այս էլ որերորդ անգամ ՀՅԴ բարձրաստիճան ներկայացուցիչներն անանուն ակնարկներ են անում ինչ-ինչ բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին ու այդպես էլ համարձակություն չեն ունենում հրապարակավ որեւէ անուն հնչեցնելու, մեկնաբանի որակմամբ,- սա հավասազոր է հանցագործությունը պարտակելուն: Իսկ պարտակում են միայն այն դեպքում, եթե այդ ամենն ասվում է ոչ թե հանուն երկրի, այլ հանուն անձնական շահի»:

«Ո՞ւմից եք բողոքում,- հարցնում է «Առավոտ» թրթը, խմբագրականում պատկերավորելով,- Երբ կառավարող կոալիցիայի անդամներից մեկը՝ ՀՅԴ-ն, լրագրողների առաջ հանդես է գալիս իր «տարեկան հաշվետվությամբ» եւ հայտարարում, թե մեր երկրում կոռուպցիայի չափերը սկսում են վտանգել ազգային կայունությունը, պարզապես ապշում ես: Երբ իշխանությունը ներկայացնող եւ երկրում կատարվածի համար պատասխանատվություն ստանձնած կուսակցությունը պնդում է, որ ի թիվս այլ պատճառների՝ հասարակության լարվածությունը պայմանավորված է չինովնիկական ապարատի կոռումպացվածության անթույլատրելի չափերով, ապա սիրտդ պարզապես սկսում է ցավել հայրենիքիդ համար: Քանի որ պարզ է դառնում, որ մեր երկրում իշխանություն չկա: Ումի՞ց է դժգոհում Դաշնակցությունը՝ կաշառակեր չինովնիկների՞ց, նախագահի՞ց, ում թիկունքում թաքնվում են այդ կոռումպացված չինովնիկները: Եվ ո՞ւմ են բողոքում՝ հասարակությա՞նը, լրագրողների՞ն՝ քաջություն չունենալով տալ իրենց պաշտոններում Ռոբերտ Քոչարյանի հեղինակության աթոռներին նստած այդ մերժելի անձանց անունները: Ի՞նչ է պահանջվում կոնկրետ մեզանից՝ հասարակությունից: Որպեսզի մենք մի մարդու պես, համերաշխորեն կոռուպցիային ասենք՝ «ո՞չ», դե, մենք այդպես էլ անում ենք: Սակայն մենք, նկատի ունենք՝ Հայաստանի բնակչության մեծ մասը, ի տարբերություն Դաշնակցության՝ իշխանության ղեկին չենք: Մենք չենք կարող հենց այդպես գնալ Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ նրան վերջնագիր ներկայացնել՝ կա՛մ նա շտապ ազատվում է իր թիկունքում թաքնված կոռումպացված անձանցից, կա՛մ խորհրդարանում կբարձրացվի նրա իմպիչմենթի հարցը:

«Ընդդիմադիր կամ իշխանամետ կուսակցությունների գրասենյակներում, խորհրդարանում ու գերատեսչություններում, սրճարաններում ու ընկերական շրջապատում բոլորը, լուրջ տեսք ընդունելով, զբաղված են արվամոլներ բացահայտելու ազգօգուտ գործով: Եվ այնքան հիմնավոր են զբաղվում, որ քաղաքական կյանքում գոյություն ունեցող գրեթե բոլոր հրատապ հիմնահարցերը, նույնիսկ ընտրական օրենսգրքի, սահմանադրական բարեփոխումների կամ Հայաստան-Եվրախորհուրդ հարաբերությունների բարդ թնջուկները մղվել են հետին պլան,-ուրվագծում է այսօր «Հայոց աշխարհ» թերթը, որի համոզմամբ, իրականում բոլորն էլ քաջ գիտակցում են, որ «Հայ արիների» առաջնորդի հայտարարությունը պարզապես բլեֆ է,-Կարելի է, անշուշտ ենթադրել, թե նման խոշորածավալ բլեֆի արտանետման պատճառը թաքնված է ներիշխանական «ռազբորկաների» ոլորտում, եւ սա արվում է ինչ-որ մարդկանց չեզոքացնելու նպատակով»:
Սակայն, ըստ «Հայոց աշխարհ»-ի, «եթե խոսքը ներիշխանական լուրջ պայքարի մասին է, ապա նրա սուբյեկտները նպատակին հասնելու համար կընտրեին ոչ այդչափ խղճուկ ու ծիծաղելի դերասանի: Այնպես, որ հայրենի վերանախավում արվամոլների գոյության մասին ներկայումս ամենուրեք ծավալվող քննարկումները ոչ այլ ինչ են, եթե ոչ քաղաքական դաշտի թշվառության հայելին,- եզրափակում է «Հայոց աշխարհ»-ը,- եւ ներկա քաղաքական թշվառ իրականության գաղափարազուրկ եւ «պարապ-սարապ» վիճակը շատ ավելի լուրջ սպառնալիք է երկրի համար, քան առանձին արվամոլների գոյությունը»:

Անդրադառնալով ռուս-վրացական սահմանի փակման հետեւանքով Հայաստանի եւ հայաստանցիների արդեն միլիոնավոր դոլարների հասնող տնտեսական կորուստներին, «Ազգ»-ի թղթակիցը խտացնում է.«Հայաստանի խնդիրների մասին իմանալը, ինչպես նշել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Միրոնովը, այնքան էլ կարեւոր չէ եւ արժեք չունի, քանի որ այս անգամ, թեկուզ անուղղակիորեն, Հայաստանին շրջափակել է իր ռազմավարական դաշնակիցը: Անկասկած, Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամ պետություններ են: Սակայն հարց է ծագում՝ ո՞ր օրվա համար է բարեկամությունը»:

«Գոլոս Արմենիի» թերթում էլ այս նույն խնդրի հետ կապված շեշտվում է. «Թեեւ մեզ համար այդ «կյանքի ճանապարհի»
փակումը հղի է վատթարագույն հետեւանքներով, այդուհանդերձ Հայաստանի քաղաքացիների հանդեպ որեւէ հատուկ վերաբերմունք չկա, իսկ բոլոր կովկասցիներին նույն արշինով չափելը բնավ չի տեղավորվում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության շրջանակում: Վերջին տարիներին Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, մեղմ ասած, չի աճում, եւ հակառակը՝ Հայաստանում էլ բազմանում են կազմակերպությունները, որոնք հայերի համար ավանդական ռուսամետ կոմնորոշման կրող չեն,- արձանագրում է «Գոլոս Արմենիի» մեկնաբանը:- Եվ դա ոչ միայն Արեւմուտքի ակտիվ գործունեության հետեւանք է, այլեւ Ռուսաստանի այսօրինակ փակուղի տանող քայլերի»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG