Մատչելիության հղումներ

Ընտրական օրենսգիրքը կբարեփոխվի առանց ընդդիմության


Այսօր Ազգային ժողովի խումբ, խմբակցությունների հերթական ճեպազրույցների ժամանակ հիմնականում արծարծվեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցը:

Ինչպես հայտնի է, ընդդիմությունը՝ շարունակելով ԱԺ նիստերի բոյկոտը, ընտրական օրեսգրքի բարեփոխումների քննարկմանը չի մասնակցում:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը պատճառը բացատրեց, թե չեն մասնակցում, քանի որ հավատացած են, որ այդտեղ նպատակը ավելի շատ ընտրական օրենսգրքի շուրջ շոու սարքելն է եւ ցուցադրելը, թե ցանկություն ունեն հետագայում ընտրություններն անցկացնել օրենքի շրջանակներում:
«Արդարություն» դաշինքի անդամ Գրիգոր Հարությունյանի կարծիքով էլ, եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, կարծքիներ, առաջարկություններ ներկայացնի, միեւնույնն է ոչինչ չի փոխվելու, քանի որ «լսող մեծամասնությունը անում է իր սեւ գործը»: Նրա կարծիքով, արդեն կայացած քննարկումները ցույց են տալիս, որ էական փոփոխություններ չեն առաջարկվում եւ հիմնական հարցերը, օրինակ ընտրական հանձնաժողովների կազմի ձեւավորումը, դուրս են մնացել:

«Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով եւս ընտրական օրենսգրքում կարեւորը հանձնաժողովների ձեւավորման հարցն է: Ըստ նրա, դրանք պետք է այնպես ձեւավորվեն քաղաքական ուժերի հավասարաչափ մասնակցությամբ:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը չի կարծում, թե նախագահի կողմից նշանակված հանձնաժողովականների թիվը նախապայման է արդար կամ ոչ արդար ընտրությունների անցկացման համար:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով, ամեն կուսակցությունից մեկական անդամ առաջարկելու նախկինում իր կողմից պաշտպանված տարբերակը հավանության չի արժանացել, քանի որ հանձնաժողովներում այդ դեպքում կլինի 7 մարդ, իսկ դա քիչ է ընտրություններ կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում է ընդդիմության բոյկոտին, ապա Գալուստ Սահակյանի խոսքերով. «կարծեք թե խորհրդարանը եւ հասարակությունն արդեն համակերպվել են, որ ընդդիմությունը խորհրդարանում պիտի չլինի»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG